Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի», «Միլանի» և «Ինտերի» նախկին հարձակվող Ռոնալդոն սոցցանցերում հրապարակում է արել և հայտնել, որ չի մասնակցելու Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) նախագահի ընտրություններին։
«Մարզային 27 ֆեդերացիաների հետ առաջին շփումից հետո հասկացա, որ 23-ի դռները փակ են։ Եթե ղեկավարների մեծամասնությունը կարծում է, որ բրազիլական ֆուտբոլը լավ ձեռքերում է, ապա իմ կարծիքը նշանակություն չունի։
Ֆեդերացիաները հրաժարվեցին ինձ ընդունելուց՝ պատճառաբանելով, որ գոհ են ներկայիս ղեկավարությունից և աջակցում են Էդնալդո Ռոդրիգեսի վերընտրմանը։
Ես չկարողացա ներկայացնել իմ նախագիծը, առաջ քաշել գաղափարներս և լսել մյուս կողմերին այնպես, ինչպես կցանկանայի։ Երկխոսության համար թափանցիկություն չկար։
Կանոնադրության համաձայն՝ ֆեդերացիաներն ընտրելու արտոնյալ իրավունք ունեն, ուստի պարզ է, որ ես չեմ կարող առաջադրվել:
Տեղական ֆեդերացիաների ղեկավարների մեծ մասը սատարում է գործող նախագահին։ Անկախ իմ համոզմունքներից` հարգում եմ նրանց որոշումն ու իրավունքը»,- գրել է լեգենդար ֆուտբոլիստը։
Էդնալդո Ռոդրգիեսը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ղեկավարում է 2022 թվականից։ Ակնկալվում է, որ 2026թ. ընտրություններում նա կլինի կառույցի նախագահի միակ թեկնածուն։