Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն, ՖԻՖԱ-ի վարկածով 1996 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ռոմարիոն չի ցանկանում, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գլխավորի Բրազիլիայի հավաքականը, հայտնում է O Globo-ն:
«Ցանկանում եմ շնորհավորել Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ղեկավար Էդնալդո Ռոդրիգեսին, որ Դինիզին է նշանակել ազգային թիմի գլխավոր մարզիչ: Նա մեր լավագույն մարզիչն է։ Դինիզը ժամանակ չունի հավաքականում անել այն, ինչ անում է ակումբային մակարդակում: Նա անում է այն, ինչ հնարավոր է։ Նախորդ երկու խաղում նա ոչ-ոքի ու պարտություն ունի, բայց անհնար է միշտ հաղթել: Ես կարծում եմ, որ Բրազիլիայի հավաքականը լավ ձեռքերում է։ Մեզ պետք չէ Անչելոտին: Ուզում եմ, որ Դինիզը մնա մինչև վերջ»,- ասել է Ռոմարիոն:
Հիշեցնենք, որ 64-ամյա Անչելոտին հաջորդ տարվա ամռանը կհեռանա «Արքայական ակումբից» և կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը: