«Ռոման» Ա Սերիայի 16-րդ տուրի արտագնա խաղում 0-2 հաշվով զիջել է «Բոլոնիային»: Առաջին կեսում տանտերերին հաշվի մեջ առաջ է մղել խորվաթ կիսապաշտպան Նիկոլա Մորոն, իսկ երկրորդ կեսում տանտերերի առավելությունը մեծացրել է «Ռոմայի» ֆուտբոլիստ Ռասմուս Քրիստենսենը՝ գրավելով սեփական դարպասը:
Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղից հետո՝ DAZN-ի հետ զրույցում, ներողություն է խնդրել իր թիմի ֆուտբոլիստ Ռենատու Սանշեշից: Պատճառն այն է, որ Սանշեշը փոխարինման է դուրս եկել երկրորդ կեսի մեկնարկում, իսկ դրանից 18 րոպե անց փոխարինվել է: Պորտուգալացին չի կարողացել զսպել զարմանքն իր հայրենակից գլխավոր մարզչի կայացրած որոշումից՝ պարզելով ձեռքերի ափերը:
«Ցանկանում եմ հրապարակավ ներողություն խնդրել Ռենատու Սանշեշից: Գիտեմ, որ նման իրավիճակները բարդ են ֆուտբոլիստների համար, բայց բարդ է նաև մարզչի համար: Ես նման բան 3-4 անգամ եմ արել իմ կարիերայում»,- բացատրել է Մոուրինյոն:
«Ռոման» այս պարտությունից հետո 25 միավորով 7-րդ տեղում է, «Բոլոնիան» 28 միավորով չորրորդն է:
Ա Սերիա, 16-րդ տուր
«Բոլոնիա» - «Ռոմա»՝ 2-0
Նիկոլա Մորո, 37, Ռասմուս Քրիստենսեն (ինքնագոլ), 49