Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգո Գոեսը սոցցանցերում գրել է, որ Արգենտինայի հավաքականի հետ խաղից հետո ռասիստական հարձակման է ենթարկվել:
«Ռասիստները միշտ ակտիվ են: Իմ սոցցանցերն ողողված են վիրավորանքներով և ամենատարբեր անհեթեթություններով: Բոլորը կարող են տեսնել սա: Եթե մենք չանենք այնպես, ինչպես նրանք են ուզում, եթե չվարվենք այնպես, ինչպես նրանք են հարմար գտնում, ռասիստները կշարունակեն իրենց հանցավոր պահվածքը: Բայց, ի դժբախտություն նրանց, մենք կանգ չենք առնելու»,- գրել է Ռոդրիգոն:
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարի 6-րդ տուրում բրազիլացիները նվազագույն հաշվով պարտվել էին աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականին: Հենց այս պարտությունից հետո Ռոդրիգոյի սոցիալական կայքերը ողողվեցին ռասիստական վիրավորանքներով:
ԱԱ-ի ընտրական փուլում Բրազիլիայի հավաքականը կրեց երրորդ անընդմեջ պարտությունը, ինչը հակառեկորդ է թիմի համար։ Նախորդ երկու խաղում աշխարհի 5-ակի չեմպիոնը պարտվել էր Կոլումբիային (1-2) և Ուրուգվային (0-2)։ Բրազիլիա - Արգենտինա հանդիպումը 30 րոպե ուշացումով էր մեկնարկել ստադիոնում զանգվածային անկարգությունների պատճառով: Սկզբում երկու թիմերի երկրպագուները սկսել էին ծեծկռտուք, այնուհետև արգենտինացի ֆանատները բախվել էին ոստիկանների հետ: Ոստիկաններն օգտագործել էին մահակներ ու արցունքաբեր գազ: Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները մոտեցել էին տրիբունային ու փորձել հանգստացնել երկրպագուներին, սակայն դա չէր հաջողվել, ինչից հետո թիմի ավագ Լիոնել Մեսին որոշել էր թիմին տանել հանդերձարան: