Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը Խորվաթիայի թիմի դեմ Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի խաղից հետո (0-0) հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին:
«Սա իմ վերջին խաղն էր Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Զգացմունքային պահ է: Վստահեցնում եմ՝ հեռանալու էի ցանկացած պարագայում՝ նույնիսկ, եթե դառնայինք աշխարհի չեմպիոն: Որոշումը կայացրել էի Մունդիալից առաջ»,- ասել է հետխաղյա մամուլի ասուլիսում ասել է իսպանացի մասնագետը։
49-ամյա Մարտինեսը Բելգիայի հավաքականը գլխավորում էր 2016 թվականից: Ռուսաստանում կայացած ԱԱ-2018-ում բելգիացիները դարձել էին բրոնզե մեդալակիր:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի F խմբում Բելգիան 3 միավորով զբաղեցրեց երրորդ տեղն ու ավարտեց ելույթները մրցաշարում: Փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին խմբում հաղթած Մարոկկոյի հավաքականն ու երկրորդ տեղը գրաված, աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի թիմը:


