Ռոբերտո Մանչինին հեռացել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Ֆեդերացիան հայտնել է, որ ի գիտություն է ընդունել օգոստոսի 12-ի ուշ երեկոյան Ռոբերտո Մանչինիից ստացած հրաժարականի դիմումը: Երկրի ֆուտբոլի գլխավոր կառույցը հայտարարել է նաև, որ հաշվի առնելով հավաքականի համար այս կարևոր փուլը՝ առաջիկա օրերին կհայտարարվի ազգային թիմի նոր գլխավոր մարզչի անունը:
58-ամյա Մանչինին Իտալիայի հավաքականը գլխավորում էր 2018 թվականից: «Սկուադրա աձուրայի» ղեկին իտալացի մասնագետն անցկացրել է 61 հանդիպում, տարել 39 հաղթանակ, կրել 9 պարտություն, իսկ 13 խաղ ավարտել ոչ-ոքի արդյունքով:
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականի ղեկին Ռոբերտո Մանչինին դարձել էր Եվրո-2020-ի հաղթող: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև իտալական «Ֆիորենտինան», «Լացիոն», «Ինտերը», անգլիական «Մանչեսթեր Սիթին», թուրքական «Գալաթասարայն» ու ռուսական «Զենիթը»:


