Անգլիական «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին կարող է գլխավորել իտալական «Ինտերը»։
Tuttosport-ի համաձայն՝ միլանյան ակումբն արդեն կապ է հաստատել «Բրայթոնի» հետ՝ քննարկելու իտալացի մասնագետի տեղափոխության հարցը։ Բանակցությունների գլխավոր հարցը 43-ամյա մարզիչի պայմանագրում նշված հրաժարագինն է, որը կազմում է 13 միլիոն եվրո։
«Ինտերի» ղեկավարությունը դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին փոխարինելու տարբերակը։ Իտալացի մասնագետը 2021 թվականից է գլխավորում միլանյան ակումբը, որի հետ դարձել է Իտալիայի գավաթակիր ու կրկնակի սուպերգավաթակիր։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024-ի ամառ։
Ռոբերտո Դե Ձերբին 2022-ից է գլխավորում «Բրայթոնը»։ Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է նաև իտալական «Ֆոջայում», «Պալերմոյում», «Բենևենտոյում», «Սասուոլոյում» և Դոնեցկի «Շախտյորում»։