Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ասել է, որ կարիերան կավարտի երկու, կամ առավելագույնը 3 տարուց, գրում է Soccer Nation-ը:
««Բարսելոնայի» հետ պայմանագրիրս ավարտվում է երկու տարուց: Կարող եմ ևս 1 մրցաշրջանով երկարաձգել: Սաուդյան Արաբիայի մասին չեմ էլ մտածում։ Երջանիկ եմ այստեղ: Խոսքը վերաբերում է և՛ թիմին, և՛ քաղաքին: Սրանք ֆուտբոլում իմ վերջին տարիներն են։ Ինձ մնացել է երկու, գուցե երեք տարի։ Ինձ սխալ մի հասկացեք, ես միշտ ցանկանում եմ հաջողակ լինել և գոլեր խփել, բայց ես նախկինի պես ճկուն չեմ»,- ասել է Լևանդովսկին:
Հիշեցնենք, որ Լեհաստանի հավաքականի առաջատարը նախորդ տարվա հուլիսից է խաղում «Բարսելոնայում»: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Ավարտված մրցաշրջանում հարձակվողը Լա լիգայի նորընծա չեմպիոնի կազմում մասնակցել էր 46 հանդիպման, խփել 33 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: