Վարշավայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում կայացած հերթական 4 տուրերից հետո տղամարդկանց մրցաշարում Հայաստանի 9 շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով ընթանում է 12-րդ հորիզոնականում: Նա մեկ միավորով է զիջում առաջատարի դերը ստանձնած Մագնուս Կառլսենին:
Սերգեյ Մովսեսյանն ունի 5,5 միավոր: Տիգրան Պետրոսյանը, որը մեկնարկային 5 պարտիաներում շատ հաջող էր խաղացել՝ վաստակելով 4 միավոր, հաջորդ 4 տուրերում իր օգտին ընդամենը մեկ միավոր գրանցեց:
5 միավոր ունեն նաև Շանթ Սարգսյանն ու Գաբրիել Սարգսյանը: 4,5-ական միավոր են վաստակել Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանի և Հովհաննես Գաբուզյանի օգտին գրանցված է 4-ական միավոր:
ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 6 միավորով ընթանում է 18-րդ հորիզոնականում:
Կանանց մրցաշարում 8 տուրից հետո Էլինա Դանիելյանը վաստակած 5,5 միավորով ընթանում է 15-րդ տեղում, Սուսաննա Գաբոյանն ունի 2 միավոր: 7,5 միավորով առաջատարն Ալեքսանդրա Կոստենյուկն է:
Այսօր կայանալիք մրցախաղերով կավարտվի արագ շախմատի աշխարհի առաջնությունը, իսկ վաղը շախմատիստները կսկսեն մրցավեճը կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: