Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան, Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ Երևանի «Նոայի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը տպավորված է Կատարում ընթացող աշխարհի առաջնության հանդիպումների որակից։
VNews-ի հետ զրույցում 37-ամյա մասնագետն առանձնացրել է հատկապես ֆուտբոլային լուրջ ավանդույթներ չունեցող երկրների հավաքականների առաջընթացը և նշել, թե որ թիմերը կարող են հաջողության ակնկալիք ունենալ ԱԱ-2022-ում։
«Տպավորություններս ընդհանուր առմամբ դրական են։ Բնականաբար, մասնակիցների թվում կան նաև համեմատաբար թույլ հավաքականներ, բայց խաղի որակը հիմնականում բարձր է։ Կարծում եմ, որ աշխարհի առաջնությունից հետո կլինեն մաքուր խաղաժամանակի որոշման վերաբերյալ փոփոխություններ, քանի որ այժմ մրցավարները շռայլորեն րոպեներ են ավելացնում խաղակեսներին։ Երբեմն՝ անտեղի։ Հետաքրքիր, կարգապահ խաղ են ցուցադրում, օրինակ, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Կանադայի հավաքականները. երկրներ, որոնցում բոլոր առումներով ֆուտբոլային մեծ առաջընթաց է նկատվում։ Դա վերաբերում է թե՛ մանկապատանեկան ֆուտբոլին, թե՛ տեխնոլոգիաների ներդրմանը, թե՛ բժշկության և գիտության ձեռքբերումների կիրառմանը»,- նշեց Ռոբերտ Արզումանյանը։
Մարզիչն ակումբում զբաղվածության պատճառով չի հասցրել հետևել բոլոր հավաքականների ելույթներին, սակայն խաղերը, որոնք դիտել է, հանգեցրել են հետևյալ եզրահանգման՝ աշխարհի նախորդ առաջնության համեմատ թիմերի խաղը նկատելիորեն բարելավվել է։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է ինչպես գնդակով խաղին, ֆուտբոլիստների տեխնիկական պատրաստականությանը, այնպես էլ ընդհանուր մարտավարությանը՝ առանց գնդակի տեղաշարժերին։
«Հիմնականում գործում են կազմակերպված։ Օրինակ, նույն Սաուդյան Արաբիան առանձնանում էր շատ կոմպակտ պաշտպանությամբ, գրեթե ազատ տարածություններ չէր թողնում մրցակիցների համար։ Ավելի խորը վերլուծելու, հասկանալու համար ժամանակ է պետք։ Նկատելի է նաև, որ ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են, հոգնած չեն, քանի որ աշխարհի առաջնությունն անցկացվում է մրցաշրջանի ամենալավ ժամանակահատվածում։ Նաև տեսնում ենք, թե որքան մեծ տարբերություն կա ակումբային խաղերի, նույնիսկ՝ Չեմպիոնների լիգայի համեմատ։ Այստեղ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իսկապես գործում է առավելագույն ներդրումով, քանի որ խաղում է հանուն իր երկրի և ազգի։ Նաև դրանով են պայմանավորված այդքան վնասվածքները՝ խաղացողները ամբողջ ուժերը թողնում են դաշտում։ Այդ առումով հեշտ հանդիպումներ չկային, և, կարծում եմ, չեն լինի։ Բոլորը պայքարում են յուրաքանչյուր գնդակի համար՝ սահանկման գնում այնպիսի իրավիճակներում, երբ այլ պարագայում գուցե զերծ մնային դրանից։ Դա, իհարկե, կհանգեցնի հոգնածության և վնասվածքների։ Երկարաժամկետ հեռանկարում հաջողության կհասնի այն հավաքականը, որը ֆիզիկապես առավել պատրաստ կլինի և ավելի արագ կվերականգնվի, որովհետև ֆուտբոլիստներն աստիճանաբար հոգնելու են։ Դա անխուսափելի է»,- նշեց Ռոբերտ Արզումանյանը։
Մարզիչի կարծիքով՝ 1/8 եզրափակիչի առաջին չորս զույգերի ֆավորիտները, այսպես ասած թղթի վրա, ակնհայտ են, սակայն կարող են խնդիրների բախվել։
«Ենթադրում եմ, որ ամերիկացիները կարող են շրջանցել հոլանդացիներին, որոնք իրականում նույնպես շատ լավ թիմ ունեն և, որքան գիտեմ, վերջին 15 խաղում չեն պարտվել։ Համենայնդեպս, ԱՄՆ-ի հավաքականն ունակ է արժանի դիմադրություն ցույց տալ նրանց։ Կարծում եմ՝ Արգենտինան կկարողանա հաղթահարել Ավստրալիայի արգելքը։ Ֆրանսիացիների համար, ինձ թվում է, հեշտ չի լինելու լեհերի հետ մրցավեճում։ Վերջիններս արգենտինացիների հետ շատ դժվար խաղից հետո կարող են ավելի վստահ ներկայանալ փլեյ-օֆֆի հանդիպմանը»,- ասաց Ռոբերտ Արզումանյանը, որը մեծ համակրանք ունի աշխատասիրությամբ, կարգապահությամբ և կազմակերպվածությամբ աչքի ընկնող հարավկորեացի ֆուտբոլիստների նկատմամբ, բայց Արգենտինայի հավաքականի երկրպագու է։


