Logo

Ռոբերտ Արզումանյան. «Ցանկանում ենք 25 միավոր վաստակել գարնանային հատվածում» (տեսանյութ)

16:21 / 13.02.2023Վիդեո
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող «Նոայի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդաշարի ընթացքում խոսել մրցաշրջանի աշնանային հատվածի, առաջնության վերսկսմանը նախապատրաստվելու և տրանսֆերային ծրագրերի մասին:

«Երբ գլխավորեցի «Նոան», ֆուտբոլիստները վատ հոգեբանական վիճակում էին, պատճառները ֆուտբոլային և ոչ ֆուտբոլային էին: Ցայտուն երևում էր, որ ֆուտբոլիստները հոգեբանական ճնշում էին զգում, քանի որ նրանք երիտասարդ էին և առաջին անգամ էին խաղում Պրեմիեր լիգայում:

Հանդիպումից հանդիպում մենք բարելավում էինք մեր խաղը: Կարևորը՝ ֆուտբոլիստները շուտ էին հասկանում, թե ինչ եմ պահանջում: Կարծում եմ՝ նրանք պատվով կատարեցին իրենց առջև դրված խնդիրը՝ չնայած քիչ միավորներ վաստակելուն:

Այժմ, երբ սկսվել է նախապատրաստական փուլը, տեսնում եմ, որ այդ ֆուտբոլիստներն ավելի հասուն են: Ամեն խաղում հաղթելու ցանկություն ունենք նաև մենք, բայց գիտակցում ենք, որ դժվար է: Թիմի առջև նպատակ եմ դրել, որ հնարավոր 51 միավորից 25 միավոր վաստակենք առաջնության գարնանային հատվածում:

Շնորհակալություն եմ հայտնում հեռացած ֆուտբոլիստներին իրենց ներդրման համար: Բնականաբար, նորեկներ կլինեն, նրանք պետք է գան և ուժեղացնեն թիմը: 

Արտասահմանյան հավաք չենք անցկացնում, մարզվում ենք ակադեմիայում: Օրական երկու մարզում ենք անցկացնում: Ֆուտբոլիստները շատ լավ մարզավիճակում են այս պահի դրությամբ: Լավ է ընթանում նախապատրաստությունն առաջնության երկրորդ հատվածին»,- նշել է Ռոբերտ Արզումանյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպանն օգոստոսին էր նշանակվել «Նոայի» գլխավոր մարզիչ։ Ռոբերտ Արզումանյանի նախորդ ակումբը Երեւանի «Ուրարտուն» էր, որը նա գլխավորել էր 2021 թվականի մարտից մինչև 2022-ի հունիս։

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Նոան» 20 խաղից հետո ունի 12 միավոր և վերջին՝ 10-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ