Մադրիդի «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, չնայած գլխի վնասվածին, կկարողանա մասնակցել «Էլ Կլասիկոյին», հայտնում է Marca-ն:
Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղում Դոնեցկի «Շախտյորի» դարպասապահ Անատոլի Տրուբինի հետ բախվելուց հետո գերմանացու գլխի վրա 20 կար են դրել:
29-ամյա պաշտպանը ոսկրերի կոտրվածք է ստացել, քայլում է մեկ աչքը փակ, սակայն մեծ է հավանականությունը, որ նա կհասցնի վերականգնվել նախքան կատալոնական «Բարսելոնայի» դեմ խաղը:
Ռյուդիգերը խաղին կարող է մասնակցել հատուկ պաշտպանիչ դիմակով: Պաշտպանի համար սա նորություն չէ՝ 2021 թվականին նա արդեն խաղացել է նման դիմակով:
«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:15-ին:
Իսպանիայի առաջնության 8 տուրերից հետո «Բարսելոնան» ու «Ռեալը» 22-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: