
տուր
01 Հունվար 1970 - 12:07
- 
Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան, «Ուրարտուի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ներկա է եղել Հայաստան – Իսլանդիա հանդիպմանը և գոհ մնացել թիմի արդյունքից ու խաղից: VNews.am-ին նա պատմեց, թե թիմի խաղում ինչ նրբություններ է նկատել:
Ի՞նչը որոշիչ եղավ հաղթանակի հասնելու գործում:
Կապառոսի գլխավորությամբ առաջին մրցավեճը չէ, որ կազմակերպված խաղի շնորհիվ հաղթում ենք: Կա մարզչական ձեռագիր, երևում է, թե խաղադաշտի յուրաքանչյուր հատվածում ֆուտբոլիստներն ինչ խնդիր ունեն: Թիմային խաղ կա, այդ պատճառով վերջին հանդիպումներում արդյունքներն էլ ունենք:
Տակտիկական նրբություններ առանձնացրե՞լ եք, որոնք մարդիկ, հնարավոր է, նկատած չլինեն:
Բազմաթիվ մանրուքներ կան, դրանց բոլորին չանդրադառնամ, բայց նշեմ, որ թիմը հստակ է տիրապետում, բարձր, միջին և ցածր գոտիներում պրեսինգի կիրառմանը: Ընդ որում՝ պրեսինգի որակը չի տուժում անկախ նրանից, թե ինչ խաղային սխեմայով է թիմը գործում: Այդ ամեն ինչը մարզումների ժամանակ փորձարկել են և կարողանում են խաղի ժամանակ իրագործել:

Բարսեղյան. «Ժամանակն է եկել մտածել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու մասին»
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար պաշտպանն եք, ուստի ավելի ուշադիր եղած կլինեք այդ դիրքի ֆուտբոլիստների խաղին: Պաշտպանության խաղն ի՞նչ տպավորություն թողեց:
Ընդհանուր առմամբ՝ լավ: Ճիշտ է՝ մրցակիցը մի քանի գոլային հնարավորություն ունեցավ, բայց այս և նախորդ խաղերում պաշտպանության յուրաքանչյուր ֆուտբոլիստ հստակ գիտեր, թե ինչ պետք է անի:
Անանկա՞լ էր, որ Վարազդատ Հարոյան – Անդրե Չալըշըր խաղազույգի փոխարեն Խոակին Կապառոսն ընտրել էր Հարոյան – Տարոն Ոսկանյան զույգը:
Ընդհանհուր առմամբ՝ ոչ, որովհետև եթե հավաքական հրավիրում են ֆուտբոլիստին, ուրեմն արժանի է խաղալուն: Չալըշըրին պահեստայինների թվում թողնելու մասին խոսելիս պետք է հաշվի առնենք, որ խաղերն ամեն 3 օրը մեկ են: Մարզչական շտաբը լավ աշխատանք է կատարում և բոլորից լավ է տեղյակ ֆուտբոլիստի վերականգնման պրոցեսի մասին: Գովելի է, որ Կապառոսն ու նրա շտաբը չեն վախենում փոփոխություններ կատարել, թե՛ հաղթած և թե՛ անհաջող խաղերից հետո: Նրանք իրենց յուրահատուկ մոտեցումն ունեն և դա իր արդյունքը տալիս է:

Իսլանդիան բարձրահասակ ֆուտբոլիստներ ունի և բարձրից փոխանցումներով էր խաղում: Այդուհանդերձ, մեր թիմը նրանց թույլ չտվեց ստանդարտ իրավիճակներից նույնիսկ գոլային պահ ստեղծել: Ինչի՞ շնորհիվ հաջողվեց վնասազերծել մրցակցի գլխավոր զենքը:
Խաղը մարզադաշտից եմ դիտել, դժվար է նման իրավիճակում նրբությունները նկատել, դեռ պետք է կրկնությունը նայեմ: Բայց կարող եմ նշել, որ մենապայքարներում մերոնք կարողանում էին հաղթել, ուշադիր էին, չէին կորցնում իրենց մրցակիցներին:
«Մարզիչը մեզ ասաց, թե որտեղ ազատ տարածություններ կան». Բայրամյան
«Ուրարտուի» հենակետային կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը, որը նաև հաճախ ձախ պաշտպանի դիրքում է գործում, երեկվա մրցավեճում մեկնարկային կազմում էր: Կապառոսը նրան դաշտ էր դուրս բերել ձախ կիսապաշտպանի դիրքում: Ինչպե՞ս կգնահատեք Հակոբյանի խաղը:
Հակոբն ունիվերսալ ֆուտբոլիստ է, կարողանում է տարբեր դիրքում խաղալ: Նրա առանձնահատկությունն այն է, որ շատ կարգապահ խաղացող է, ինչ առաջադրանք տալիս են՝ կատարում է: Կապառոսն էլ դա նկատել է: Ըստ երևույթին՝ Հակոբի առջև որոշակի խնդիրներ էր դրված միայն առաջին խաղակեսի համար, որովհետև նա վնասվածքի պատճառով տևական ժամանակ չէր մարզվել: Այդուհանդերձ, մեկնարկային կազմում էր, ինչը նշանակում է, որ Կապառոսը վստահում է նրան, և թիմի համար կարևոր է նման կարգապահ ֆուտբոլիստ ունենալ:
«Ուրարտուի» թիմի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Արթուր Միրանյանը վերջին պահին դուրս մնաց հայտացուցակից: ՀՖՖ-ն նշեց, որ նա վնասվածք ունի: Որքա՞ն լուրջ է այդ վնասվածքը:
Վնասվածք չունի, փոքր ինչ վատառողջ է եղել: Տեսնենք՝ որքան արագ կապաքինվի: Չեմ կարող ասել պատրաստ կլինի հաջորդ մրցավեճին, թե՝ ոչ:
Նման հաջող նորամուտից հետո ի՞նչ սպասել Հայաստանի հավաքականից:
Այս երկու հաղթանակները վստահություն են հաղորդում: Իհարկե, Գերմանիան դուրս է մրցակցությունից, բայց երկրորդ տեղի համար կարելի է պայքարել: Հուսանք՝ երրորդ խաղում էլ կհաղթենք, ինչից հետո շանսերն ավելի կմեծանան:
Արդեն 2 օրից Ռումինիայի դեմ հանդիպումն է: Ի՞նչ արդյունք եք ակնկալում այդ մրցավեճում:
Ավելի դժվար խաղ պետք է լինի: Մեր մարզիչները չեն խուսափում փոփոխություններից: Պետք է չմոռանանք նաև, որ Ռումինիայի համար նույնպես դա երրորդ խաղն է կարճ ժամանակում: Մեզ համար կարևոր է պահել հաղթական էյֆորիան և խաղային կարգապահությունը, այդ պարագայում հնարավորություն կունենանք նաև այդ մրցավեճում առավելության հասնել:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
