Transfermarkt-ը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խաղացող ֆուտբոլիստների, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչների տրանսֆերային արժեքները։
Ամենամեծ աճն ունեցել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն աճել է 3 միլիոնով ու կազմում է 18 միլիոն եվրո։ ՌՊԼ-ում ավելի բարձր տրանսֆերային գին ունի միայն «Զենիթի» բրազիլացի կիսապաշտպան Վենդելը՝ 22 միլիոն եվրո։
Սպերցյանի ակումբակից, 19-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 200 հազար եվրոյով և կազմում է 1 միլիոն եվրո։
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը 5 միլիոն եվրոյից հասել է 7 միլիոնի։
«Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տրանսֆերային գինը կրկնապատկվել է՝ հասնելով 1,8 միլիոն եվրոյի։
Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի տրանսֆերային արժեքը հասել է 1 միլիոն եվրոյի՝ բարձրանալով 300 հազար եվրոյով։
Հիշեցնենք, որ ձմեռային դադարից առաջ Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը 38 միավորով գլխավորում է «Կրասնոդարը», որը 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Զենիթից»։