Logo

Rookie Вверх. վատագույն դրաֆթի լավագույն նորեկները

Հեղինակ
Վահե Գևորգյան
19:20 / 18.01.2025Բասկետբոլ
Բացառիկ
null

NBA-ի յուրաքանչյուր մրցաշրջան դեռևս մեկնարկից առաջ գրավում է երկրպագուների ուշադրությունը: Ամռանը մոլորակի լավագույն երիտասարդ բասկետբոլիստներն իրենց թեկնածությունն են առաջադրում NBA-ի դրաֆթում: 2023-ին բասկետբոլային հասարակության ուշադրության կենտրոնում էր Վիկտոր Վեմբանյաման: «Այլմոլորակային» մականվամբ ֆրանսիացի հսկան (հասակը՝ 224 սմ) ընտրվեց առաջին համարով ու ապացուցեց, որ դառնալու է գերաստղ:

Սակայն 2024թ. դրաֆթը հավակնում է դառնալ NBA-ի պատմության մեջ վատագույններից մեկը: Առաջին համարով ընտրված Զաքարի Ռիսաշեի համար կարիերայի մեկնարկը «Ատլանտա Հոուքսում» ծանր է ստացվում: Ֆրանսիացին ստանում է միջինը 24 րոպե խաղաժամանակ և վաստակում է ընդամենը 10 միավոր, իսկ կորագծից նետում է բավական ցածր՝ 28 տոկոս արդյունավետությամբ: Ռիսաշեն նույնիսկ մոտ չէ լավագույն ռուքիների եռյակին ու դեռևս չի արդարացնում իր՝ դրաֆթի առաջին համարի կարգավիճակը:

Բայց նույնիսկ վատագույն դրաֆթներից մեկում կարելի է գտնել երիտասարդ տաղանդներ, որոնք զարմացնում են թե՛ երկրպագուներին, թե՛ իրենց մարզիչներին ու բասկետբոլային քննադատներին:

ԻՎ ՄԻՍԻ

Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Նյու Օռլեանս Պելիկանսի» ֆրոնտ-օֆիսի գլխավոր հանձնարարությունը վետերան կենտրոնական Դենիել Թեյսին փոխարինող երիտասարդ բիգմեն գտնելն էր: Առաջին ռաունդի վերջում «Հավալուսները» 21-րդ համարով ընտրեցին «Բեյլորի» համալսարանական թիմի կենտրոնական Իվ Միսիին:

«Բեյլորում» ֆրեշմենը վաստակում էր միջինը 9 միավոր, տիրում էր 8 անդրադարձի և կատարում էր 2 բլոկ-շոթ: Ընտրության հարցում «Պելիկանսի» համար համոզիչ եղան Միսիի ֆիզիկական տվյալներն ու պաշտպանական ունակությունները:

Բայց նույնիսկ վատագույն երազում թիմի ֆրոնտ-օֆիսը չէր կարող պատկերացնել, որ մրցաշրջանի մեկնարկից հետո վնասվածքի պատճառով երկար ժամանակ բաց կթողնեն թիմի բոլոր աստղերը: Զայոնի, Ինգրեմի ու Մըրֆիի բացակայության պայմաններում ասպարեզ եկավ Իվ Միսին:

Արտակարգ ֆիզիկական տվյալներ, փիքընռոլերի հուսալի մասնակից, կողպեք սեփական օղակի տակ և լուրջ խնդիր մրցակցի ներկի գոտում: Այս մրցաշրջանում Միսին արդեն կատարել է 64 դանք, որոնց 30 տոկոսը եղել է պոստեր-դանքեր: Իվիին գրոհի սկզբնական փուլում չդիմավորելու դեպքում նրան կարող ես տեսնել օղակից կախված և դանքն ավարտած: Չնայած ինտենսիվ բասկետբոլին ու թիմի հարձակմանը մասնակցելու կարողությանը՝ նա գրեթե չի կորցնում գնդակը (միջինը 1 կորուստ):

Միսին վաստակում է միջինը 9 միավոր, տիրում է 8 անդրադարձի՝ կրկնելով համալսարանական բասկետբոլում գրանցած թվերը: Հատկանշական է նաև այն, որ երիտասարդ կենտրոնականը նշված անդրադարձների գրեթե կեսը հավաքում է մրցակցի օղակի տակ (միջինը 3,6 հարձակողական անդրադարձ):

Միսիի միակ խնդիրն առայժմ տուգանային նետումների իրացման տոկոսն է (67 տոկոս արդյունավետություն տուգանային գծից): 

ՏՐԻՍՏԱՆ ԴԱ ՍԻԼՎԱ

Եթե մինչև 2024թ. դրաֆթը Տրիստան անունն ինձ հիշեցնում էր «Տրիստան և Իզոլդա» առասպելը, ապա դրանից հետո ասպետական վեպին եկավ փոխարինելու բասկետբոլային պատմությունը: «Կոլորադոյի» համալսարանական թիմի հարձակվող Տրիստան Դա Սիլվայի գլխավոր կարողությունը մտածելակերպն է:

Գերմանացի ֆրեշմենն NCAA-ում անցկացրած 3 տարվա ընթացքում ձեռք է բերել խաղային բարձր IQ: Ազատ տարածություն գտնելու և առանց գնդակի տեղաշարժվելու կարողության տեսանկյունից նա դրաֆթի լավագույն բասկետբոլիստն է: Դա Սիլվան նաև ունի գրեթե բոլոր եվրոպացի հարձակվողներին բնորոշ ռեբաունդները զգալու կարողություն: «Կոլորադոյում» նա տիրում էր միջինը 5 ռեբաունդի, վաստակում էր 16 միավոր, իսկ խաղից նետում էր 44 տոկոս արդյունավետությամբ:

Պաոլո Բանքերոյի և Ֆրանց Վագների բացակայությունը Դա Սիլվային թույլ տվեց քայլ առաջ կատարել ու ցուցադրել իր ունակությունները: Տրիստանը հիանալի է գործում սքրիներ դնելիս և փիքընփոփ խաղարկումների ժամանակ: Նա արագության շնորհիվ կարող է հայտնվել մրցակցի կորագծի յուրաքանչյուր հատվածում, պետք եղած դեպքում էլ՝ ներխուժել ներկի գոտի: Դրաֆթի 18-րդ համարի հետ «Մեջիքը» նույնիսկ առանց իր առաջատարների պահպանում է տեղը Արևելյան կոնֆերենցիայի առաջատար քառյակում:

ՋԵՅԼԵՆ ՈՒԵԼՍ

«Մեմֆիս Գրիզլիսը» դրաֆթում գրեթե երբեք չի սխալվում: «Գրիզլիները» սիրում են նորեկներին շանս տալ. թիմի հիմնական կորիզը ձևավորվել է հենց դրաֆթի արդյունքում՝ Ջա Մորենթ, Ջարեն Ջեքսոն Ջունիոր, Դեզմոնդ Բեյն:

Ջեյլեն Ուելսը կարող է դառնալ դրաֆթի գլխավոր թաքնված ադամանդը: «Գրիզլիսը» նրան ընտրել է երկրորդ ռաունդի 39-րդ համարով: Դա ռուքիին չի խանգարում մանրահատակին անցկացնել միջինը 26 րոպե և ընդգրկվել լավագույն նորեկների եռյակում: Ուելսը վաստակում է միջինը 12 միավոր, տիրում է 3 անդրադարձի և խաղից նետում է 44 տոկոս արդյունավետությամբ:

Ջեյլենը հիանալի պաշտպան է նաև մեկը մեկի դեմ պայքարում: Նա կառչում է գնդակից, փակում է մրցակցի բոլհենդլերներին և միջինը կատարում է 1 խլում: Նրա ունակությունները կորագծից նույնպես շատ են օգնում «Գրիզլիսին»: Ռուքին 38 տոկոս արդյունավետություն է գրանցում հեռվից՝ միջինը նետելով 2 3-միավորանոց:

Քոբի Բրայանթին ընտրել են 13-րդ համարով, Սթեֆ Քարիին՝ 7-րդ, նույնիսկ Մայքլ Ջորդանը չի ընտրվել առաջին համարով: NBA-ի դրաֆթի պատմությունը ցույց է տալիս, որ առաջին 3 համարներով ընտրված բասկետբոլիստները երբեմն չեն արդարացնում սպասելիքները: Կարևորն ընտրվելու թիվը կամ ռաունդը չէ, այլ այն, թե երիտասարդ բասկետբոլիստն ինչպես է լծվում գործին, ինչպես է աշխատում ու կատարում մարզչի հանձնարարությունները: Կարևոր է, թե նա ինչ երազանքներ ու նպատակներ ունի, ինչքանով է ցանկանում իր անունը գրել բասկետբոլի պատմության էջերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա