Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Նյուքասլի» դեմ Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղից (0-0) առաջ «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում մրցանակ է ստացել շոտլանդացի լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնից:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչը «Ոսկե գնդակի» 5-ակի հաղթողին մրցանակ է հանձնել ակումբային կարիերայում 700 գոլ խփելու կապակցությամբ:
«Միշտ լավ է քեզ հետ լինել, բոս»,- սոցցանցերում հրապարակած լուսանկարները վերնագրել է 37-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն 5 գոլ խփել է Լիսաբոնի «Սպորտինգում», 450 գոլ՝ Մադրիդի «Ռեալում», 101-ը՝ Թուրինի «Յուվենտուսում» և 144-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: