Fastex Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» երկու թանկարժեք միավոր կորցրեց, իսկ «Արարատ-Արմենիան», «Փյունիկն» ու «Նոան» հերթական հաղթանակները տարան և կրճատեցին միավորների տարբերությունը Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմից:
FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Առաջնության երկրորդ շրջանի մեկնարկային տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Դաշտի տերերից հաջողությունն ուղեկցեց միայն «Նոային»: Առաջնությունում կայացած 56 հանդիպումներից 21-ում հաղթել են դաշտի տերերը, 28-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 7 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
Կայացած 5 հանդիպումներում խփվեց 16 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,2 գոլ): Առաջնության 56 հանդիպումներում խփվել է 174 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,1 գոլ):
2. «Ալաշկերտն» ընդհատեց առաջնությունում առանց հաղթանակների 7 խաղերի, 3 անընդմեջ պարտությունների իր շարքն ու 371 րոպե տևած գոլային երաշտը՝ Պետրոս Ավետիսյանի իրացրած 11մ հարվածի շնորհիվ հաղթելով «Գանձասարին»: Հետաքրքիր է, որ «Ալաշկերտի» նախորդ գոլն էլ գրանցվել էր Պետրոս Ավետիսյանի օգտին կրկին «Գանձասարի» հետ խաղում, որում ալաշկերտցիների հարձակվողը դարձյալ հաջող էր իրացրել 11մ հարվածը:
3. «Փյունիկը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Առաջնության վերջին 8 հանդիպումներից 7-ում փյունիկցիները հաղթել են և միայն «Նոային» են պարտվել: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը ԲԿՄԱ-ի հետ Հայաստանի առաջնություններում անցկացրած 15-րդ խաղում էլ անպարտելի մնաց՝ տոնելով 6-րդ անընդմեջ հաղթանակը բանակայինների նկատմամբ:
4. «Վանն» առաջնությունում 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ 5 անպատասխան գնդակ ընդունելով «Նոայից»: Վերջին 3 խաղերում Դանիիլ Պոլյանսկին 11 գոլ է բաց թողել: Մինչդեռ մեկնարկային 8 հանդիպումներում մրցակիցներն ընդամենը 5 անգամ են գրավել «Վանի» դարպասը:
5. «Վեստ Արմենիայի» հետ խաղում դուբլ ձևակերպած Իվան Իգնատևը ոչ միայն «Ուրարտուին» փրկեց պարտությունից, այլև 8 գնդակով գլխավորեց ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Վերջին 3 խաղերում նա դաշտից չի հեռացել առանց գոլի՝ 4 անգամ գրավելով մրցակիցների դարպասները:
Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության 12-րդ տուրից հետո 10 գնդակով ամենաարդյունավետն «Ալաշկերտի» վրացի հարձակվող Լևանի Կուտալիան էր:
6. «Շիրակի» դարպասը Տենտոն Յենեի խփած գոլը հոբելյանական էր թե իր, թե թիմի համար: Նիգերիացի հարձակվողն «Արարատ-Արմենիայի» կազմում 30-րդ գոլը խփեց, իսկ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Հայաստանի առաջնություններում 350-րդ գոլի հոբելյանը նշեց:
Տենտոն Յենեի հաշվին Fastex Պրեմիեր լիգայում 33-րդ գոլը գրանցվեց, որի շնորհիվ նա ընդգրկվեց Հայաստանի առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում: Տենտոնն այդ ցանկում 9-րդ այլազգի ֆուտբոլիստն է: Ամենաարդյունավետը 75 գոլ խփած բրազիլացի Մարկոս Պիզելին է, իսկ գործող ֆուտբոլիստներից՝ նիգերիացի Յուսուֆ Օտուբանջոն՝ 72:
7. «Նոայի» պաշտպան Գուդմունդուր Թորարինսոնը և «Վեստ Արմենիայի» կիսապաշտպան Տիգրան Այունցը բացեցին գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում:
8. ԲԿՄԱ-ի դարպասը Յուսուֆ Օտուբանջոյի խփած առաջին գոլը կրկնակի հոբելյանական էր՝ 50-րդ պաշտոնականը «Փյունիկի» կազմում և 80-րդը հայկական ակումբներում պաշտոնական մրցումներում:
Նիգերիացի հարձակվողը ԲԿՄԱ-ի հետ առաջնության վերջին 6 հանդիպումներում էլ գրավել է մրցակցի դարպասը՝ խփելով 7 գոլ: Նա 9 գոլով ԲԿՄԱ-ի հետ դիմակայությունում «Փյունիկի» լավագույն ռմբարկուն է:
9. «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը Հայաստանի առաջնություններում հոբելյանական՝ 300-րդ խաղն անցկացրեց: Դրանցից 102-ը նա անցկացրել է ներկայիս թիմում, 138-ը՝ «Շիրակում», որտեղ սկսել է ֆուտբոլային կարիերան: 38 անգամ Մուրադյանը խաղադաշտ է դուրս եկել «Ալաշկերտի» մարզաշապիկով, 22 խաղ էլ անցկացրել է «Արարատում»:
Կարեն Մուրադյանը դարձավ 300 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 18-րդ ֆուտբոլիստը: Ռեկորդակիրը «Շիրակի» նախկին ավագ Հովհաննես Թահմազյանն է՝ 461 խաղ, որի ցուցանիշը դեռ երկար տարիներ անգերազանցելի կմնա:
10. «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Բոլոր խաղերում էլ նա խաղադաշտ է դուրս եկել հարազատ ակումբի մարզաշապիկով: