Անգլիական «Տոտենհեմի» ձախ պաշտպան Սերխիո Ռեգիլոնը վեց ամսվա վարձակալությամբ միացել է Պրեմիեր լիգան ներկայացնող «Բրենթֆորդին», հաղորդում է «Մեղուների» կայքը:
27-ամյա ֆուտբոլիստի վարձակալական պայմանագրում տրանսֆերային իրավունքի գնման կետ չկա: Մրցաշրջանից հետո իսպանացին կվերադառնա լոնդոնյան ակումբ:
2023/24 մրցաշրջանի առաջին հատվածը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել էր «Մանչեսթեր Յունայթեդում»: «Տոտենհեմն» ու մանկունիական ակումբը խզել էին վարձակալական պայմանագիրն այս տարվա սկզբին, և ֆուտբոլիստը վաղաժամ վերադարձել էր լոնդոնյան ակումբ: «Կարմիր սատանաների» կազմում Ռեգիլոնն անցկացրել է ընդհանուր 12 խաղ, որոնցում արդյունավետ գործողությամբ (գոլ, գոլային փոխանցում) աչքի չի ընկել:
«Տոտենհեմի» ու Սերխիո Ռեգիլոնի պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը: Ռեգիլոնի տրանսֆերային իրավունքը լոնդոնյան ակումբին է պատկանում 2020 թվականից: