Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» որոշել է ընթացիկ մրցաշրջանից հետո չշարունակել համագործակցությունը թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ:
TodoFichajes-ի տեղեկություններով, մադրիդյան գրանդի ղեկավարության որոշման վրա չեն ազդի նույնիսկ մարզական արդյունքները: «Արքայական ակումբում» կարծում են, որ թիմին նոր շունչ և գաղափարներ են պետք:
Ավելի վաղ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին դուր չէր եկել, որ թիմը չէր ունեցել «պլան Բ», որով կարող էր հաղթահարել կատալոնական «Բարսելոնայի» պաշտպանությունը գավաթային խաղում (0-1):
Իսպանիայի ընթացիկ առաջնության 25 խաղից հետո «Ռեալը» 56 միավորով երկրորդն է և 9 միավոր զիջում է առաջատար «Բարսելոնային»:
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին 2021-ին երկրորդ անգամ է գլխավորել «Ռեալը»: Առաջին անգամ նա մադրիդյան գրանդը մարզել էր 2013-2015-ին: Այս ընթացքում 63-ամյա մասնագետը 10 տիտղոս է նվաճել Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի հետ: