Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է, որ կմասնակցի 2025 թվականին ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը:
«Մադրիդի «Ռեալը» ցանկանում է պաշտոնապես հայտարարել, որ երբեք որևէ հարց չի ունեցել 2024/2025 մրցաշրջանում նախատեսված աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու վերաբերյալ: Մեր ակումբը կմասնակցի, ինչպես նախատեսված է։ Մենք հպարտ ենք և ոգևորված, որ ընդգրկված ենք մասնակիցների ցուցակում: Մենք ևս մեկ անգամ կոգեշնչենք մեր միլիոնավոր երկրպագուներին ամբողջ աշխարհում՝ նվաճելով ևս մեկ գավաթ»,- նշված է ակումբի հաղորդագրությունում:
Ավելի վաղ Չեմպիոնների լիգայի 15-ակի գավաթակրի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Il Giornale-ի հետ հարցազրույցում նշել էր, որ «Ռեալը» կհրաժարվի մասնակցել ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը:
«ՖԻՖԱ-ն մոռանում է, որ խաղացողներն ու ակումբները չեն մասնակցելու այս մրցաշարին։ «Ռեալի» մեկ խաղը բերում է 20 միլիոն եվրո եկամուտ, ՖԻՖԱ-ն ցանկանում է մեզ այս գումարը տրամադրել ամբողջ մրցաշարի համար: Շատ վատ է: Մյուս ակումբները, նաև մենք կհրաժարվենք մասնակցել այս մրցաշարին»,- ասել էր իտալացի մասնագետը:
Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը։ Նոր ձևաչափով մրցաշարին կմասնակցեն 6 մայրցամաքների 32 թիմեր։