Մադրիդի «Ռեալը» 15-րդ անգամ դարձավ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
«Արքայական ակումբը» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած եզրափակիչում 2-0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»:
Եզրափակիչի առաջին խաղակեսն անցավ գերմանական թիմի առավելությամբ: Էդին Թերզիչի գլխավորած թիմն առաջին խաղակեսում առնվազն երեք անգամ իրական հնարավորություն ունեցավ հաշիվը բացելու: 21-րդ րոպեին գերմանացի պաշտպան Մաթս Հումելսը կտրող փոխանցմամբ «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի դիմաց մեն-մենակ դուրս բերեց իր հայրենակից Կարիմ Ադեյեմիին, սակայն հարձակվողը բելգիացուն շրջանցելուց հետո չկարողացավ հարված կատարել: Այս դրվագից երեք րոպե անց «Բորուսիայի» գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը կարողացավ նպաստավոր դիրքից հարվածել, գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին: Մի քանի րոպե անց էլ կրկին հարվածային դիրք դուրս եկավ Ադեյեմին, այս անգամ Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվողը կարողացավ հարված կատարել, սակայն Կուրտուան հետ մղեց գնդակը, իսկ վրա հասած Ֆյուլկրուգը չկարողացավ ավելացնել: 42-րդ րոպեին էլ հեռահար հարվածով «Արքայական ակումբի» դարպասին սպառնաց ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը, սակայն Կուրտուան կրկին հետ մղեց գնդակը:
Առաջին խաղակեսում «Բորուսիայի» ֆուտբոլիստները 8 հարված կատարեցին, երեքը՝ դիպուկ: Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը երկու հարված կատարեց, ոչ մեկը դիպուկ չէր:
Երկրորդ խաղակեսը մեկնարկեց իսպանական գրանդի ակտիվությամբ: Խաղակեսի մեկնարկում «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը տուգանայինից տպավորիչ հարված կատարեց, գնդակը դիպավ դարպասաձողին: Րոպեներ անց վտանգավոր գրոհը դիպուկ հարվածով եզրափակեց իսպանացի պաշտպան Դանի Կարվախալը: Այս պահերին «Բորուսիան» պատասխանեց Ֆյուլկրուգի՝ գլխով կատարած հարվածով, այս դրվագում էլ Կուրտուան հիանալի սեյվ կատարեց:
Մադրիդցիները հետագայում շարունակեցին ակտիվորեն սպառնալ գերմանական թիմի դարպասին և 74-րդ րոպեին բացեցին հաշիվը, Կրոսի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո Կարվախալը գլխի հարվածով գրավեց Գրեգոր Կոբելի դարպասը: Գոլից հետո «Ռեալը» շարունակեց սուր գրոհներ ձեռնարկել, 9 րոպե անց «Բորուսիայի» նիդերլանդցի պաշտպան Յան Մատսենը տուգանային հրապարակի մատույցներում կորցրեց գնդակը, «Արքայական ակումբի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը Կոբելի դիմաց դուրս բերեց բրազիլացի հարձակվող Վինիսիուսին, որը կրկին գլխավոր եվրագավաթի եզրափակիչում գոլի հեղինակ դարձավ՝ դնելով խաղի վերջակետը՝ 2-0:
«Ռեալը» նախորդ անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել էր 2021/2022 մրցաշրջանում: Այս խաղով ավարտվեց «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսի ակումբային կարիերան, իսկ նրա հայրենակից Մարկո Ռոյսը վերջին խաղն անցկացրեց «Բորուսիայի» կազմում:
34-ամյա Կրոսը 6-րդ անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայում: Այդ գավաթներից 5-ը գերմանացին նվաճեց «Ռեալի» հետ, մեկը՝ Մյունխենի «Բավարիայի»:
Չեմպիոնների լիգա, եզրափակիչ
«Բորուսիա» (Գերմանիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0-2 (տեսանյութ)
Դանի Կարվախալ, 74, Վինիսիուս, 83