Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն բաց կթողնի տնային Օլիմպիական խաղերը, հայտնում է As-ը։
Մադրիդի «Ռեալը» Փարիզի ՊՍժ-ի 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում համաձայնության է հասել նրա հետ։ «Արքայական ակումբի» պահանջներից մեկն այն է, որ ֆրանսացի հարձակվողը չմասնակցի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին։
«Ռեալը» Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային տեղեկացրել է, որ ֆուտբոլիստին թույլ չի տալու մասնակցել Փարիզ-2024-ին։
Բացի Մբապեից, Օլիմպիական խաղերը բաց կթողնեն նաև մադրիդյան ակումբի մյուս ֆրանսիացի ֆուտբոլիստները` կիսապաշտպաններ Էդուարդո Կամավինգան ու Օրելյեն Չուամենին։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեի ու ՊՍԺ-ի միջև պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։ Նա որոշել է ազատ գործակալի կարգավիճակում հեռանալ «Պարի Սեն-Ժերմենից» և այդ մասին արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը։ Հարձակվողը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալի» կազմում։
Օլիմպիական խաղերը կայանալու են Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Ֆուտբոլի Ֆրանսիայի օլիմպիական հավաքականը մրցաշարում ընդգրկված է A խմբում և հանդիպելու է ԱՄՆ-ի և Նոր Զելանդիայի թիմերին։ Խմբի վերջին մասնակիցը պարզ կդառնա մայիսին միջմայրցամաքային փլեյ-օֆֆ-ի միջոցով։