Մադրիդի «Ռեալն» իսպանական Լա լիգայի 30-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկին» հաղթելուց (2-0) հետո առաջնությունում անպարտելիության շարքը հասցրեց 24 խաղի։
Opta Sports-ը գրում է, որ սա «Արքայական ակումբի» լավագույն ցուցանիշն է 1996/97 մրցաշրջանից հետո։ Այդ ժամանակ մադրիդցիներն իտալացի Ֆաբիո Կապելոյի գլխավորությամբ Լա լիգայում նույնպես չէին պարտվել 24 խաղում անընդմեջ (16 հաղթանակ, 8 ոչ-ոքի)։ «Ռեալը» այդ մրցաշրջանում դարձել է Իսպանիայի չեմպիոն։
«Ռեալը» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 30 խաղում կրել է մեկ պարտություն` 6-րդ տուրում 1-3 հաշվով զիջելով Մադրիդի «Աթլետիկոյին»։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 75 միավորով գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը և 8 միավոր առաջ է երկրորդ տեղը զբաղեցնող կատալոնական «Բարսելոնայից»։


