Մադրիդի «Ռեալն» արժանին է մատուցել կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստային, որը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
«Անդրես Ինիեստայի՝ կարիերան ավարտելու ֆոնին «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը, նախագահն ու տնօրենների խորհուրդը ցանկանում են իրենց ճանաչումը, հիացումնքն ու համակրանքը հայտնել իսպանական ու համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկի վերաբերյալ։
Կարիերայի ընթացքում նվաճած տիտղոսներից բացի, Անդրես Ինիեստան ֆուտբոլի զարգացմանը նպաստել է իր խաղով ու արժեքներով։ 2010թ․ աշխարհի առաջնության եզրափակիչում նրա գոլը հավերժ կմնա բոլոր իսպանացի երկրպագուների հիշողության մեջ»,- ասվում է «Արքայական ակումբի» հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 40-ամյա իսպանացու վերջին ակումբն Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Էմիրեյթսն» էր, որի կազմում հանդես է եկել 2023թ. օգոստոսից մինչև այս տարվա հուլիս։ 2002-2018 թվականներին կիսապաշտպանը խաղացել է «Բարսելոնայում», որի հետ դարձել է Իսպանիայի 9-ակի չեմպիոն ու 4 անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը։ Ինիեստան «Բլաուգրանայում» 674 խաղում խփել է 57 գոլ, կատարել 135 արդյունավետ փոխանցում։ Նա կատալոնական ակումբի պատմության չորրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ Ինիեստան 2018-2023 թթ. եղել է նաև ճապոնական «Վիսել Կոբեի» ֆուտբոլիստ։
Իսպանիայի հավաքականի կազմում Անդրես Ինիեստան դարձել է աշխարհի չեմպիոն ու երկու անգամ հաղթել Եվրոպայի առաջնությունում։