Մադրիդի «Ռեալը» թիմը գլխավորելու առաջարկ չի արել Խաբի Ալոնսոյին, գրում է Marca-ն։
«Արքայական ակումբը» շարունակում է վստահել Կառլո Անչելոտիին։ Իտալացի մասնագետը մինչև 2026թ. հունիսի 30-ը ներառյալ ժամկետով պայմանագիր ունի իսպանական գրանդի հետ։
Ալոնսոն, որը 2022թ. հոկտեմբերից մարզում է Լևերկուզենի «Բայերը», ապագայի հարցում որոշում կկայացնի մարտին։ Նա կհանդիպի Գերմանիայի չեմպիոնի ղեկավարության հետ և կքննարկի համագործակցության շարունակության տարբերակները։
«Բայերի» ղեկավարները մեծ հարգանքով են վերաբերվում Ալոնսոյին և ցանկանում են, որ բասկ մասնագետն անձամբ կողմնորոշվի ապագայի հարցում ու մտադիր չեն ճնշում գործադրել նրա վրա, սակայն նաև հասկանում են, որ հետագայում նա այլ ակումբներից առաջարկների պակաս չի ունենալու։
43-ամյա Ալոնսոն «Բայերի» ղեկին դարձել է Գերմանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր, ինչպես նաև հասել է Եվրոպա լիգայի եզրափակիչ։