«Բոկա Խունիորսը» պաշտոնապես հայտարարել է Ֆերնանդո Գագոյին գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը մեկ օրում հասցրել է ժամանել Բունոս Այրես, պայմանագիր ստորագրել, մասնակցել շնորհանդեսին և առաջին մարզումն անցկացնել:
Ամբողջ օրն արգենտինացու հետ է եղել «Բոկայի» նախագահ Խուան Ռոման Ռիկելմեն:
«Երջանիկ եմ վերադառնալ ակումբ, որը տուն եմ համարում: Ես ուզում եմ այնպիսի թիմ կառուցել, որը միշտ ինտենսիվ կխաղա և կտիրի գնդակին»,- ասել է Գագոն:
38-ամյա մարզիչը 2021-2023 թվականներին գլխավորել է արգենտինական «Ռասինգը», որի հետ 2 տիտղոս է նվաճել, այնուհետև 2024-ին աշխատել է մեքսիկական «Չիվասում»:
Հիշեցնենք, որ «Բոկա Խունիորսին» է պատկանում Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերային իրավունքը: Հիմա նա վարձակալությամբ խաղում է արգենտինական «Խիմնասիայի» կազմում: