Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռոյստոն Դրենտեն տեղափոխվել է Իսպանիայի առաջնության 4-րդ դիվիզիոնում ընդգրկված «Ռեալ Մուրսիա», որի մամուլի ծառայությունն էլ հայտնել է համալրման մասին։
«Ռեալ Մուրսիայի» հետ 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Դրենտեի նախորդ ակումբն էր «Ռասինգ Մուրսիան», որի կազմում նա հանդես էր գալիս 2021 թվականի հունվարից։
Մադրիդի «Ռեալում» Դրենտեն խաղացել է 2007-10 թվականներին։ Նրա նախկին ակումբներից են նաև անգլիական «Էվերթոնը» և նիդեռլանդական «Ֆեյենորդը»։ Նիդեռլանդների քաղաքացիություն ունեցող այս ֆուտբոլիստը 2013-ին կես տարի հանդես է եկել Ռուսաստանի առաջնությանը մասնակցող Վլադիկավկազի «Ալանիայում», որի կազմում անցկացրել է 6 հանդիպում և հիշվել «Մորդովիայի» հետ խաղում գրանցած հեթ-տրիկով։