Մադրիդի «Ռեալի» երկրպագուները ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խնդրել են վերադարձնել Կրիշտիանու Ռոնալդուին, որպեսզի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա հարձակվողը չտեղափոխվի Մադրիդի «Աթլետիկո», հաղորդում է AS-ը։
Հուլիսի 21-ին Պերեսն ամերիկյան Լոս Անջելեսում ներկա է եղել «Արքայական ակումբի» մարզմանը և ինքնագրեր բաժանել երկրպագուներին։ Ֆանատները նրան խնդրել են անել հնարավոր ամեն բան՝ 37-ամյա պորտուգալացուն վերադարձնելու համար։
«Խնդրում ենք վերադարձրեք Ռոնալդուին, որպեսզի նա չտեղափոխվի «Աթլետիկո»»,- ասել է երկրպագուներից մեկը։
Ֆլորենտինո Պերեսը չի արձագանքել այդ խնդրանքին, սակայն մյուս երկրպագուները ևս միացել են դրան։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է իր թիմում տեսնել Ռոնալդուին, որը մտածում է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին և դեռ չի միացել անգլիական ակումբի մարզումներին։ Պորտուգալիայի հավաքականի ավագի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023-ի ամառ։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալում» խաղացել է 2009-2018-ին։


