Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհուրդը պաշտոնական հայտարարություն է տարածել` անդրադառնալով կատալոնական «Էսպանյոլի» դեմ Լա լիգայի 22-րդ տուրի արտագնա խաղում մրցավարական վիճահարույց որոշումներին:
«Այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան այս հանդիպման ժամանակ, բոլոր առումներով գերազանցեցին մարդկային սխալի ցանկացած սահման։ Այն, ինչ տեղի ունեցավ, ներկայացնում է բոլորովին վարկաբեկված մրցավարական համակարգի գագաթնակետը, որտեղ «Ռեալի» դեմ կայացված որոշումները հասել են խարդախության այնպիսի մակարդակի, որն այլևս չի կարելի անտեսել»,- նշված է հայտարարությունում:
Կատալոնիայում կայացած հանդիպման 21-րդ րոպեին «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորի գոլը չի արձանագրվել Կիլիան Մբապեի՝ մրցակցի ֆուտբոլիստի հետ պայքարում կանոնների խախտման համար, իսկ 60-րդ րոպեին մրցավարն ընդամենը դեղին քարտ է ցույց տվել «Էսպանյոլի» պաշտպան Կառլոս Ռոմերոյին մադրիդցիների ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի դեմ պայքարում թիկունքից կատարած կոշտ սահանկման համար: «Էսպանյոլի» խաղացողն էլ հանդիպումից հետո խոստովանել էր, որ իրեն դուր չի եկել իր իսկ ձևակերպմամբ «տգեղ» վարքագիծը, ինչի համար ներողություն է խնդրել Մբապեից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Էսպանյոլի» և «Ռեալի» մրցավեճի մրցավար Ալեխանդրո Մունիզ Ռուիսը և VAR-ի սենյակում աշխատած Իգլեսիաս Վիլանուևան որակազրկվել են:
Հիշեցնենք, որ «Էսպանյոլը» 1-0 հաշվով հաղթանակ էր կորզել գործող չեմպիոնից: