Logo

«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա». «Էլ Կլասիկոյին» ընդառաջ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
05:44 / 16.10.2022ՍՊՈՐՏ
null

Բարեբախտաբար ոչ թե սպիտակ ու սևի, այլ սպիտակ ու կապտանռնագույնի բաժանվելու ժամանակն է, քանի որ հոկտեմբերի 16-ին կկայանա մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոն» Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև: Դիմակայության լարվածությունը վերադարձել է: Իհարկե, այդ լարվածությունը երբեք էլ չէր անհետացել, սակայն գագաթնակետին էլ չէր հասել Ժոզե Մոուրինյո – Պեպ Գվարդիոլա հակամարտության ժամանակահատվածից հետո: Թիմերի պայքարն այս մրցաշրջանում փոքր-ինչ ավելի լարված է թվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կատալոնական ակումբը պատրաստվում է Իսպանիայում գահընկեց անել գործող չեմպիոն «Ռեալին»: Մրցաշարային աղյուսակն էլ վկայում է, որ պայքարը բավական թեժ է լինելու: Ըստ ամենայնի՝ հենց միմյանց միջև կայանալիք հանդիպումները մեծ ազդեցություն կունենան ընդհանուր պայքարի տեսանկյունից:

«Բարսելոնան» կրկին լավն է, «Ռեալը»՝ ինչպես միշտ: Երկու թիմերն էլ անցկացրած 8 խաղից հետո վաստակել են 22-ական միավոր: Կատալոնական ակումբը խփել է 20 գոլ, բաց թողել միայն 1-ը, իսկ «Արքայական ակումբը» 19 գոլ է խփել, բաց թողել 7-ը:

Չավիի գլխավորած թիմի համար Լա լիգան ինքնըստինքյան դարձավ առաջնահերթություն, քանի որ կատալոնացիները մոտ են երկրորդ մրցաշրջանն անընդմեջ Չեմպիոնների լիգայի խմբային փուլից դուրս մնալուն ու Եվրոպա լիգա տեղափոխվելուն: Եվրոպական ասպարեզում մոտալուտ ձախողումը, բնականաբար, քննադատությունների տեղիք է տվել, ու այդ տեսանկյունից «Բարսելոնայի» համար «Ռեալի» դեմ խաղում դրական արդյունքը գուցե մի փոքր ավելի կարևոր է՝ վստահությունը վերականգնելու ու ընթացքը բնականոն հունով շարունակելու համար:

Անչելոտիի «Ռեալն» էլ, արդեն տևական ժամանակ է, զգում է ինչպես ձուկը ջրում: Ու սա վերաբերում է ինչպես Իսպանիայի առաջնությանը, այնպես էլ Չեմպիոնների լիգային: Կա տպավորություն, թե «Ռեալն» արդեն ապացուցելու ոչինչ չունի, միգուցե արել է ավելին, քան նույնիսկ ակնկալվում էր:

Բայց «Էլ Կլասիկոյի» ժամանակ մոռացվում է ամեն ինչ: Ոչ մի նշանակություն չունեն թիմերի խաղամակարդակը, կարգավիճակն այդ պահին, նպատակները, ձգտումները, նույնիսկ ուժն ու հնարավորությունները: «Էլ Կլասիկոն» պայքար է, որում տիրում է այլ խաղամակարդակ, մեկ՝ ընդհանուր կարգավիճակ, մեկ, բայց ոչ ընդհանուր նպատակ և ձգտում, անսպառ ուժ և անհնարին թվացող, բայց հնարավոր դարձող հնարավորություններ: Եվ հենց այս անկանխատեսելիությունը է՛լ ավելի շատ գեղեցկություն ու գրավչություն է հաղորդում թիմերի հարատև դիմակայությանը:

Մեկը մյուսի դեմ

Իսպանիայի առաջնությունում Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև առաջին հանդիպումը կայացել է 1929 թվականի փետրվարի 17-ին «Լես Կորտսում»՝ «Բարսելոնայի» նախկին մարզադաշտում, ու ավարտվել «Ռեալի» հաղթանակով (2-1):

Մրցաշարի շրջանակում թիմերն ընդհանուր հանդիպել են 183 անգամ: «Արքայական ակումբը» տարել է 76 հաղթանակ, «Բարսելոնան»՝ 72, հաղթողը չի որոշվել 35 խաղում:

Իսպանիայի առաջնությունում թիմերի միջև կայացած նախորդ 5 հանդիպումներից 4-ում հաղթել է «Արքայական ակումբը», վերջին խաղում՝ «Բարսելոնան» (4-0):

Ռեկորդակիրներ

Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսն ու «Բարսելոնայի» նախկին առաջատար Լիոնել Մեսին այն ֆուտբոլիստներն են, որոնք ամենաշատն են վայելել «Էլ Կլասիկոյի» շունչը խաղադաշտում ելույթ ունեցողի կարգավիճակով (45-ական խաղ): Սերխիո Բուսկետսի համար այս «Էլ Կլասիկոն» կլինի 44-րդը, իսկ Ժերար Պիկեի համար՝ 41-րդը: Մադրիդի «Ռեալից» Կարիմ Բենզեման կանցկացնի իր 39-րդ «Էլ Կլասիկոն» ու այս հաշվարկում կշրջանցի «Բարսելոնայի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստային:

Լիոնել Մեսին 26 գոլով «Էլ Կլասիկոների» պատմության լավագույն ռմբարկուն է: Արգենտինացուն հաջորդում են նրա հայրենակից Ալֆրեդո դի Ստեֆանոն ու Կրիշտիանու Ռոնալդուն, որոնք դիմակայությունում 18-ական գոլ են խփել՝ խաղալով Մադրիդի «Ռեալի» կազմում:

Գոլային փոխանցումների ռեկորդը նույնպես պատկանում է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսիին (14):

«Էլ Կլասիկոներում» ամենաշատ հաղթանակները տարել է «Ռեալի» լեգենդ Պակո Խենտոն (21), ամենաշատ պարտությունները կրել է Սերխիո Ռամոսը (20): Ամենաերիտասարդ գոլ խփողն Ալֆոնսո Նավարոն է (17 տարեկան 356 օրական), ամենատարեց գոլ խփողը՝ Ալֆրեդո դի Ստեֆանոն (37 տարեկան 164 օրական): Ամենաարագ գոլի հեղինակը Կարիմ Բենզեման է (21-րդ վայրկյան):

«Էլ Կլասիկոներում» ամենաշատ հաղթած մարզիչը «Ռեալից» Միգել Մունյոսն է (16 հաղթանակ): Նրան հաջորդում են «Բարսելոնայից» Յոհան Կրոյֆն ու Պեպ Գվարդիոլան (9-ական հաղթանակ): 

Լա լիգայի շրջանակում դիմակայության ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդը պատկանում է Մադրիդի «Ռեալին» (8-2, 1935 թվական):

Մարզիչների խոսքը

Կառլո Անչելոտի, «Ռեալ Մադրիդ»

«Խաղին պատրաստվում ենք ճիշտ այնպես, ինչպես մյուս հանդիպումներին: Այս պարագայում լրացուցիչ գործոն կա՝ հաշվի առնելով, թե որքան կարևոր հանդիպում է թիմերի ու երկրպագուների համար: Հարկավոր է նկատի ունենալ նաև այն որակը, որն ունեն երկու թիմերն էլ: Լրացուցիչ ճնշում, զգացմունքային գործոն, ելույթ ունենալու ցանկություն. ահա այս ամենն է շրջապատում այսպիսի հանդիպմանը:

Նման թիմին հաղթելու համար հարկավոր է ինչպես լավ հարձակվել, այնպես էլ լավ պաշտպանվել: Նրանք ավելի հաճախ լավ են գործում առաջին խաղակեսում, իսկ մենք՝ երկրորդում: Ես չգիտեմ՝ արդյոք դա ազդեցություն կունենա՞ խաղի վրա, բայց մի բան է, որին մենք ուշադրություն ենք դարձնում: 

Ոչ մի տեսանյութ ֆուտբոլիստներիս չեմ ցուցադրել. նրանք շատ լավ գիտեն մրցակցին: Նախորդ մրցաշրջանի խաղն ազդեցություն չի ունենա, քանի որ սա նոր մրցաշրջան է, նոր «Էլ Կլասիկո»: Ամեն ինչ որոշող խաղ չէ, սակայն մենք ոգևորությամբ ենք մասնակցելու մի հանդիպման, որը դիտում են ամբողջ աշխարհում»,- ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչը նախախաղային ասուլիսին:

Չավի, «Բարսելոնա»

««Էլ Կլասիկոն» մեզ համար հիանալի հնարավորություն է: Մենք ցանկանում ենք առաջատար լինել, իսկ դա մարտահրավեր է: Պետք է շարունակենք աշխատել ու դրական տրամադրվել: Թիմում հոգեբանական անկում չեմ տեսնում: Ինձ համար նկատելի է, որ մենք հավատ ու քաջություն ունենք: Եվրոպական մրցասպարեզում նախորդ տարվա և այս տարվա պատմությունները տարբեր են: Դրան կարելի է նայել դրական տեսանկյունից, նաև իբրև աղետ: Ես դրականն եմ տեսնում: Չնայած նրան, որ մենք Եվրոպայում ձախողվել ենք, Լա լիգայում այդպես չէ: 

Ինձ դուր է գալիս խաղալ «Ռեալի» դեմ, մրցունակ եմ զգում: Կցանկանայի շարունակել ֆուտբոլիստի կարիերան, որպեսզի մասնակցեի նման խաղերի: Այսպիսի խաղերը տպավորիչ են, մոտիվացիան առավելագույն մակարդակի է:

Այո՛, սա երեք միավոր է, բայց «Կլասիկոյում» հաղթելը վստահություն է հաղորդում: Հաղթանակը կենսական նշանակություն ունի ինչպես մեզ, այնպես էլ «Ռեալի» համար: Տեսնենք, թե որ թիմը դուրս կգա առաջին տեղ»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը նախախաղային ասուլիսին:

Հավանական մեկնարկային կազմերը՝ ըստ VNews

«Արքայական ակումբի» հայտացուցակից դուրս են մնացել կիսապաշտպան Դանի Սեբալյոսը (ազդրի վնասվածք) ու հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան (մեջքի վնասվածք):

Դարպասը կպաշտպանի Անդրեյ Լունինը: Անտոնիո Ռյուդիգերը կարող է մասնակցել հանդիպմանը: Նա հայտավորված է ու նախախաղային մարզում է անցկացրել պաշտպանիչ դիմակով՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Շախտյորի» դեմ հանդիպմանն ստացած վնասվածքով պայմանավորված: Ամեն դեպքում, հավանականությունը մեծ է, որ կենտրոնական պաշտպանության գոտում խաղադաշտ դուրս գա Էդեր Միլիտաո – Դավիդ Ալաբա զույգը: Պաշտպանության ձախ եզրում կխաղա Ֆեռլան Մենդին, աջում՝ Դանի Կարվախալը:

Կիսապաշտպանության եռյակը կկազմեն Լուկա Մոդրիչը, Օրելյան Չուամենին ու Թոնի Կրոսը:

Վինիսիուսը կգործի հարձակման ձախ եզրում, Ֆեդե Վալվերդեն՝ աջ, իսկ կենտրոնական հարձակվողը կլինի «Ոսկե գնդակի» հաղթողի անվիճելի գլխավոր հավակնորդ Կարիմ Բենզեման:

Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա դարպասապահի դիրքի վերաբերյալ կասկածներ չկան. Տեր Շտեգենը կպաշտպանի դարպասը: Ժյուլ Կունդեն վերադարձել է թիմի հայտացուցակ: Հաշվի առնելով Ժերար Պիկեի անփառունակ խաղը Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում՝ ամենայն հավանականությամբ, կենտրոնական պաշտպանության դիրքում կխաղա Ժյուլ Կունդե – Էրիկ Գարսիա զույգը: 

Մեմֆիս Դեպայը, Հեկտոր Բելյերինը, Ռոնալդ Արաուխոն ու Անդրեաս Քրիստենսենը բացակայում են վնասվածքի պատճառով: 

Ըստ ամենայնի՝ Ալեխանդրո Բալդեն կխաղա ձախ պաշտպանի դիրքում, Սերխի Ռոբերտոն՝ աջ եզրում: Կիսապաշտպանության եռյակը կկազմեն Պեդրին, Սերխիո Բուսկետսն ու Գավին:

Հարձակման գծում, ամենայն հավանականությամբ, Անսու Ֆատին կփոխարինի Ռաֆինյային ու կխաղա Ուսման Դեմբելեի և Ռոբերտ Լևանդովսկիի կողքին:

«Ռեալի» հավանական մեկնարկային կազմը.

Անդրեյ Լունին, Ֆեռլան Մենդի, Դավիդ Ալաբա, Էդեր Միլիտաո, Դանի Կարվախալ, Լուկա Մոդրիչ, Օրելյան Չուամենի, Թոնի Կրոս, Վինիսիուս Ժունիոր, Կարիմ Բենզեմա, Ֆեդերիկո Վալվերդե:

«Բարսելոնայի» հավանական մեկնարկային կազմը.

Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Ալեխանդրո Բալդե, Էրիկ Գարսիա, Ժյուլ Կունդե, Սերխի Ռոբերտո, Պեդրի, Սերխիո Բուսկետս, Գավի, Ուսման Դեմբելե, Ռոբերտ Լևանդովսկի, Անսու Ֆատի:

Երբ և ինչպես դիտել խաղը

Լա լիգայի 9-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» խաղը կկայանա հոկտեմբերի 16-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում, մեկնարկը՝ ժամը 18:15-ին:

«Էլ Կլասիկոն» կցուցադրվի «Վիվառո Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում և «Վիվառո TV»-ի OTT հարթակում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ