Կարիմ Բենզեման, ինչպես երևում է, լիովին չի ապաքինվել վնասվածքից։ Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողները Կառլո Անչելոտիին հարցրել են, թե արդյոք նա մտադի՞ր է ռիսկի դիմել՝ խաղադաշտ դուրս բերելով հարձակվողին Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ մրցավեճում:
«Մենք դեռ չգիտենք, թե արդյոք Բենզեման հասանելի՞ կլինի. նա այսօր կմարզվի թիմի հետ, իսկ հետո մենք կորոշենք: Մենք հիմա չենք մտածում ՊՍԺ-ի մասին, բայց ինչպես ասացի, ռիսկի չենք ենթարկի մեր հարձակվողին։ Վաղը Չեմպիոնների լիգայի եզրափակիչը չէ։ Ոչ մի ռիսկ։ Եթե Բենզեման ասի, որ լավ է, նա կխաղա: Վերջ: Եթե նա լավ է, ապա թիմի հետ կմեկնի»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը:
Մինչդեռ COPE-ն հայտնում է, որ Բենզեման չորեքշաբթի չի մարզվել մյուս խաղացողների հետ: Փոխարենը նա մարզասրահում է մարզվել:
Կարիմը վնասվածք էր ստացել «Էլչեի» դեմ նախորդ խաղում: Ավելի վաղ ներկայացրել ենք մադրիդցիների հայտացուցակը, որում տեղ չի գտել ֆրանսիացի հարձակվողը:
Հավելենք՝ ընթացիկ մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» կազմում անցկացրել է 28 խաղ՝ դառնալով 24 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ «Ատլետիկ» - «Ռեալ» գավաթային խաղը կմեկնարկի կեսգիշերն անց: