Մադրիդի «Աթլետիկոն» օգոստոսի 28-ին պատմական ցուցանիշ գրանցեց ակումբի պատմության մեջ։
Իսպանիայի առաջնության երրորդ տուրում «Աթլետիկոն» մադրիդյան դերբիում հյուրընկալվելիս 7-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ։ Դա մադրիդյան գրանդի ամենախոշոր հաշվով արտագնա հաղթանակն էր Լա լիգայի պատմության մեջ, հաղորդում է Opta-ն։
Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ «Աթլետիկոն» 3 խաղից հետո վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Նույնքան միավոր ունեն նաև «Ժիրոնան» և «Բարսելոնան»։ Առաջատարը 9 միավոր վաստակած Մադրիդի «Ռեալն» է, որը երեք խաղից հետո նույնքան հաղթանակ տարած միակ ակումբն է։
Հիշեցնենք, որ «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում «Աթլետիկոյի» գոլերը խփել էին Անտուան Գրիզմանը, Մեմֆիս Դեպայը, Նաուել Մոլինան, Անխել Կորեան, Մարկոս Լյորենտեն և Ալվարո Մորատան։ Վերջինս դարձել էր դուբլի հեղինակ։