Մադրիդի «Ռեալն» առաջին պարտությունը կրեց Իսպանիայի ընթացիկ առաջնությունում։ Լա լիգայի 13-րդ տուրում կայացած մադրիդյան փոքրիկ դերբիում «Ռայո Վալյեկանոն» տանը 3-2 հաշվով հաղթեց գործող չեմպիոնին:
5-րդ րոպեին հաշիվը բացեց տանտերերի իսպանացի կիսապաշտպան Սանտի Կոմեսանան: 37-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը՝ հավասարակշռությունը վերականգնեց հյուրերի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: 4 րոպե անց «Ռեալին» առաջ մղեց բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն, սակայն խաղակեսի վերջնամասում «Ռայո Վալյեկանոն» երկրորդ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Ալվարո Գարսիայի ջանքերով:
65-րդ րոպեին «Արքայական ակումբի» դարպասին 11-մետրանոց նշանակվեց իսպանացի պաշտպան Դանի Կարվախալի խախտման պատճառով. բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան հետ մղեց արգենտինացի հարձակվող Օսկար Տրեխոյի հարվածը, սակայն հանդիպման մրցավար Խոսե Լուիս Մունուերան, արձանագրելով կաննոների խախտում, կրկնել տվեց հարվածը: Երկրորդ անգամ Տրեխոն չվրիպեց՝ 3-2:
«Ռայո Վալյեկանոն» նախորդ անգամ «Ռեալին» 3 գոլ խփել էր 1977-ին։ 21-րդ դարում «Ռայո Վալյեկանոն» երկրորդ անգամ հաղթեց «Արքայական ակումբին»։
13-րդ տուրից հետո մադրիդյան գրանդը 32 միավորով երկրորդն է: Առաջատարը կատալոնական «Բարսելոնան» է, որը վաստակել է 34 միավոր: «Ռայո Վալյեկանոն» 21 միավորով 8-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 13-րդ տուր
«Ռայո Վալյեկանո» - «Ռեալ»՝ 3-2
Սանտի Կոմեսանյա, 5, Ալվարո Գարսիա, 44, Օսկար Տրեխո, 67 (11մ.) - Լուկա Մոդրիչ, 37 (11մ.), Էդեր Միլիտաո, 41