Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ, դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը և հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Fast Sports հեռուստաալիքի եթերում մեկնաբանել են Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրում Ֆարերյան կղզիներից կրած 0-1 հաշվով պարտությունը։
Ռանոս. «Բարդ է ասել, թե ինչն էր պարտության պատճառը։ Մենք ունեինք բազում գոլային պահեր, և եթե գոլ չես խփում, պարտվում ես։ 11-մետրանոցից հետո մենք դաշտում լավագույնն էինք, բայց կրկնվեմ` գոլ չես խփում, չես հաղթում։ Մեր նպատակն է, որ Լատվիայի դեմ հանդես գանք ավելի լավ»։
Չանչարևիչ. «Չգիտեմ` ինչ ասեմ։ Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից (0-2) հետո մեծ ցանկություն ունեինք ցույց տալ, թե ով ենք մենք և թե ինչի ենք ընդունակ։ Մարզիչը հեռացավ, կարծում էինք` փոփոխություններ կլինեն, բայց ոչինչ չփոխվեց։ Պետք է հավաքվենք։ Բազմաթիվ պահեր ստեղծեցինք, բայց դիպուկությունը չհերիքեց։ Ցանկանում եմ շնորհավորել Ֆարերյան կղզիներին։ Նրանք այսօր արժանի հաղթանակ տարան։ Նման մակարդակում նույնիսկ այսպիսի մրցակիցներին հաղթելը բարդ է։
Հաջորդ խաղին պատրաստվելու քիչ ժամանակ ունենք։ Ունենք ընդամենը 3 օր։ Գիտենք, որ Լատվիան լուրջ մրցակից է, որը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեզ արդեն հաղթել է։ Պետք է հնարավորինս շուտ մոռանանք այս պարտությունը, հավաքվենք ու պատրաստվենք Լատվիայի դեմ խաղին և հաղթանակով ավարտենք այս խաղարկությունը։ Լավ էինք սկսել Ազգերի լիգան, սակայն, այնուհետև հսկայական անկում եղավ։ Չգիտեմ` ինչ տեղի ունեցավ։ Վստահ եմ` բոլոր տղաներն ամբողջովին նվիրվում են, բայց դա հերիք չէ»։
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկությունում վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 17-ին և Ռիգայում կմրցի Լատվիայի դեմ։