Հայաստանի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրված Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը գրառում է կատարել սոցցանցերում:
«Շատ հուզված եմ առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու կապակցությամբ, մեծ պատիվ է։ Անհամբեր սպասում եմ մարզումներին և խաղերին»,- գրել է 19-ամյա ֆուտբոլիստը:
Հրանտ-Լեոն Ռանոսը նախորդ տարվա հուլիսից է խաղում գերմանական գրանդի երկրորդ թիմում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 26 հանդիպման, դարձել 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Ռանոսը Հայաստանի հավաքականի կազմում կպատրաստվի թուրքերի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրի հանդիպմանը (մարտի 25) և Կիպրոսի թիմի դեմ ընկերական խաղին (մարտի 28): Երկու հանդիպումները տեղի կունենան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: