Բելգիացի անվանի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանն ազատ է արձակվել, հայտնում է Vrtnews-ը։
36-ամյա ֆուտբոլիստը հունվարի 27-ին ձերբակալվել էր Հարավային Ամերիկայից Եվրոպա թմրամիջոցներ ներկրող հանցավոր խմբի հետ կապ ունենալու մեղադրանքով։
Հունվարի 29-ին գործը քննող դատավորը որոշել է նրան պայմանական ազատ արձակել։
Նայնգոլանի փաստաբան Օմար Սուիդին, խոսելով կատարվածի մասին, նշել է. «Նա ոչ թե կասկածվում է թմրամիջոցներ ներկրելու կամ դրա կիրառման, թրաֆիքինգի, այլ հանցավոր կազմակերպության անդամակցելու համար։
Հետաքննությունը, միանշանակ, կապված է թմրանյութերի հետ, բայց Նայնգոլանի դեպքում խնդիրը գումարի մեծ քանակն է։ Այժմ նա ազատության մեջ է, և նրան չի արգելվել ֆուտբոլ խաղալ»։
Հիշեցնենք, որ Ռաջա Նայնգոլանն այժմ հանդես է գալիս Բելգիայի երկրորդ լիգան ներկայացնող «Լոքերեն-Թեմսե» ակումբում, որի հետ օրեր առաջ է պայմանագիր կնքել։ Նա առավել հայտնի է իտալական ակումբներում` Միլանի «Ինտերում», «Ռոմայում» և «Կալյարիում» ունեցած մրցելույթներով։


