Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ բաց է թողնելու «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը: Իսպանացի թենիսիստը վնասվածք է ստացել Բրիսբենում կայացած մրցաշարի քառորդ եզրափակիչում:
«Բրիսբենում մկանային ցավեր զգացի և Մելբուռն ժամանելուց հետո անմիջապես բուժզննում անցա: Մկանային կտրվածք ունեմ, բայց ոչ այն հատվածում, որի պատճառով լուրջ վնասվածք էի ստացել նախկինում: Դա լավ նորություն է:
Հիմա պատրաստ չեմ իմ առավելագույն ուժերով խաղալ 5-սեթանոց մրցաշարերում, այդ պատճառով վերադառնում եմ Իսպանիա, որպեսզի հանդիպեմ բժիշկներին և սկսեմ ապաքինվել:
Մեկ տարի համառորեն աշխատել եմ թենիս վերադառնալու համար և իմ նպատակն էր արդեն 3 ամիս անց լինել լավագույն մարզավիճակում: Այդուհանդերձ, շատ տխուր եմ, որ չեմ մասնակցելու Ավստրալիայի բաց առաջնությանը»,- X սոցիալական ցանցում գրել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոնը: