«Չիկագո Բլեքհոքսի» հարձակվող, Հոկեյի ազգային լիգայի 2023 թվականի դրաֆթի առաջին համար Քոնոր Բեդարդը կարծում է, որ «Վաշինգթոն Քեփիթալզի» ռուս ռմբարկու Ալեքսանդր Օվեչկինն առաջիկայում գերազանցելու է լեգենդար Ուեյն Գրեցկիի ռեկորդը։
«Իմ կարծիքով, Օվեչկինը կարող է գերազանցել պատմական ռեկորդը։ Ըստ իս՝ նա այդ հաջողությանը կհասնի առաջիկա երկու տարում։ Անհավանական է, թե ինչպես է Ալեքսանդրն այդքան շատ տափօղակներ գրանցում»,- Բեդարդի խոսքը մեջբերում է լրագրող Տարիկ Էլ-Բաշիրը։
Ալեքսանդր Օվեչկինը, որը սեպտեմբերի 17-ին կդառնա 38 տարեկան, NHL-ում անցկացրած 18 մրցաշրջանների ընթացքում մրցակիցների դարպասը նետել է 822 տափօղակ և Ազգային լիգայի պատմության լավագույն գոլահարների մեջ երկրորդ տեղում է։ Առաջատար Ուեյն Գրեցկիի ակտիվում կա 894 տափօղակ։
Օվեչկինը սեպտեմբերի 5-ին «Վաշինգթոն Քեփիթալզի» կազմում առաջին մարզումն է անցկացրել արձակուրդից հետո։ NHL-ի կանոնավոր առաջնությունը սկսելու է հոկտեմբերի 9-ին։


