Logo

...Քո կյանքում ոչինչ չպետք է լինի անպայման էսպես ու ոչ թե էնպես. Վիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը

12:38 / 15.05.2023Գրադարան
Վիլյամ Սարոյան

Լուսանկարը՝ Մեդիամաքս կայքի (Վահագն Դավթյանի կինը՝ Վարդանուշ Դավթյանը, թոռնուհին՝ Գոհարիկը եւ Վիլյամ Սարոյանը)

Վիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը հոր և որդու զրույց է, մի անվերջ զրույց, որն ամեն օր ունենում են բոլոր ազգերի հայրերն ու որդիները:

Հոր և որդու զրույց...

–Ինչո՞ւ է Աստվածաշունչը այդքան տարածված:

–Որովհետև կարդալու համար չի ըստ երևույթին:

–Բա ինչի՞ համար է:

–Պարզապես ունենալու:

–Ի՞նչ օգուտ ունենալուց:

–Դե, համարվում է, որ էդպես է կարգը: Տանն Աստվածաշունչ ունենալը նույնն է, թե աչքիդ առաջ մարդկային ցեղի առասպելն ունենաս:

–Մարդկային ցեղի առասպելն ի՞նչ է:

–Ես ու դու, որ հիմա նստած ուտում ենք:

–Ու վե՞րջ:

–Դե լավ, արի էսպես ասենք. ես ու դու և քո մայրն ու քույրը: Սա է մարդկային առասպելը: Մի տղամարդ և կին, որ դառնում են մի նոր տղամարդու և կնոջ հայրն ու մայրը: Այ, սա է առասպելը:

**

–Հայրիկ, այ, ինձ բացատրիր: Մարդ ի՞նչ կարող է պարզել ու հասկանալ, որ վախեցնի նրան ու ահով լցնի:

–…Ախր մեկին վախեցնող բանը գուցե մի ուրիշին բնավ չվախեցնի: Ամեն մարդ իրենն է պարզում:

–Ի՞նչ անենք, թեկուզ. Դու ասա՜, հայրիկ:

–Դե տես,– ասաց հայրս,– սերն ամեն ինչ է… ու երբ ես պարզեցի, որ նույնիսկ սիրուց կարող է ոչինչ չմնալ, դա ինձ վախեցրեց: Մահու չափ ու ցմահ վախեցրեց, իրոք:

**

–Իսկ ինչո՞ւ են մարդիկ էսպես:

–Չգիտեմ, բայց նրանք էնքան էլ վատը չեն:

–Դու սիրո՞ւմ ես նրանց:

–Սիրո՞ւմ: Տղաս, մարդիկ ասվածը հենց ես եմ: Եթե չսիրեի նրանց, ապրելն ինչի՞ս էր պետք:

**

–Հայրիկ, ինչի՞ համար են գրվում պիեսները:

–Գրվում են, որովհետև ամեն մարդ շարունակ ձգտում է իմանալ, թե ինչն է ուրիշներին հուզում, և նրանք ինչ հոգսերով են ապրում: Այ, հենց սա էլ պարզելու համար հարյուրավոր մարդիկ հավաքվում են մեկտեղ ու թատրոնում կողք կողքի նստում:


Գրքի մասին

«Հայրիկ, դու խենթ ես» վիպակը (1957), որ ներկայացվում է վերանայված թարգմանությամբ, Վիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ