Քիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։
Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։
«Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», - ասել է Բախը։
Բախը շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր նախագահի կոչմանն արժանացնելու համար։
Բախը նաև պարգևատրվել է օլիմպիական ոսկե շղթայով համաշխարհային սպորտի զարգացման գործում իր նշանակալի ներդրման և օլիմպիական արժեքներին նվիրվածության համար:
Քիրստի Քովենթրին 41 տարեկան է։ Նա Զիմբաբվեից է, նախկին լողորդ, կրկնակի օլիմպիական չեմպիոն է (2004, 2008), աշխարհի առաջնությունների 7-ակի հաղթող և բազմակի ռեկորդակիր։
Ի դեպ, Քովենթրին ՄՕԿ-ի պատմության մեջ առաջին կին և առաջին աֆրիկացի նախագահն է:


