«Sex and the City» սերիալի շարունակության առաջին դրվագներն իսկական իրարանցում են առաջացրել. արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակության բուռն քննարկումները համացանցում չեն դադարում: Սերիալի երկրպագուները երբեք չեն հոգնում վերաթողարկումը համեմատել բնօրինակի հետ, շատերն արտահայտում են իրենց հիասթափությունը: Դերասանուհի Քիմ Քեթրոլը (Սամանթա Ջոնս), ով հրաժարվել է մասնակցել շարունակությանը, նույնպես չի կարողացել «անմասն մնալ»:
Առաջին դրվագների թողարկումից անմիջապես հետո դերասանուհու Twitter-ը բառացիորեն հարձակման ենթարկվեց երկրպագուների հաղորդագրություններով: Շատերը համակարծիք էին, որ առանց Քիմի մասնակցության սերիալն անհետաքրքիր է դարձել: Երկրպագուներից մեկը նույնիսկ հայտարարել է, որ ինքը կգերադասի դիտել «Sensitive Skin» սերիալը, որտեղ հանդես է գալիս դերասանուհին, քան «Sex and the City»-ի շարունակությունը: Դերասանուհուն դուր են եկել այս գրառումները…
Քիմի՝ սերիալի շարունակությունում չհայտնվելը լուրջ քննարկումների առիթ դարձավ: Շատերը կարծում են, որ դրա պատճառը նրա երկարամյա կոնֆլիկտներն էին Քերիի՝ Սառա-Ջեսիկա Փարքերի հետ: Ինքը՝ Քեթրոլը, հարցազրույցներից մեկում իր որոշումը բացատրել է նրանով, որ իր կյանքի այդ փուլն արդեն ավարտվել է, և նա առաջ է շարժվում:
«Ես 61 տարեկան եմ: Ես չեմ ուզում փչացնել սերիալում ունեցածս սկզբնական կերպարը: Համոզված եմ, որ երկրպագուներն էլ դա չէին ցանկանա»,- մեկնաբանել է դերասանուհին: