Կատարն ԱԱ-2022-ից հետո կընդունի նաև 2023թ. Ասիայի գավաթի խաղարկությունը: Որոշումը կայացրել է Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի (AFC) գործադիր կոմիտեն, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը:
«AFC-ի և ասիական ֆուտբոլային ընտանիքի անունից ցանկանում եմ շնորհավորել Կատարի ֆուտբոլային ասոցիացիային՝ Ասիայի գավաթի առաջիկա խաղարկությունն ընդունելու իրավունքը ստանալու համար:
Կատարի կարողությունն ու փորձառությունը խոշոր միջազգային սպորտային իրադարձություններ հյուրընկալելու հարցում, ինչպես նաև մանրուքների նկատմամբ մանրակրկիտ ուշադրությունը հիացմունքի են արժանանում ամբողջ աշխարհում:
Հաշվի առնելով նախապատրաստվելու կարճ ժամանակը՝ մենք գիտենք, որ քրտնաջան աշխատանքը անմիջապես կսկսվի: Վստահ ենք, որ համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքներով և հոսթինգի անզուգական հնարավորություններով Կատարը կցուցադրի իր հեղինակությունը և դիրքը՝ որպես ասիական թագի մարգարիտ»,- հայտնել է Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ, շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան:
Կատարը մրցաշարի գործող չեմպիոնն է: Կատարն Ասիայի գավաթի խաղարկությունն ընդունել էր նաև 1988 և 2011 թվականներին: 2023թ. Ասիայի գավաթի խաղարկությունը պետք է ընդուներ Չինաստանը, որը երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակի պատճառով հրաժարվել է հյուրընկալել մրցաշարը:
Հիշեցնենք, որ Ասիայի գավաթի խաղարկությունը կանցկացվի 2023 թվականի հունիսի 16-ից հուլիսի 16-ը: Մունդիալ-2022-ը կանցկացվի այս տարվա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը: