Քանյե Ուեսթի էնտուզիազմին կարելի է միայն նախանձել: Գրեթե վերջերս նա թողարկել է իր նոր՝ Donda ալբոմը, իսկ այժմ հայտնի է դարձել, որ ալբոմի շարունակություն է լինելու:
Victor Victor Worldwid ձայնագրման ընկերության ղեկավար Սթիվեն Վիկտորը Complex-ին ասել է, որ ռեփերն աշխատում է Donda 2-ի վրա:
Հարկ է նշել, որ Քանյե Ուեսթը չի դադարում պարբերաբար հայտնվել ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Վերջին մի քանի ամիսների ընթացքում նրան վերագրեցին 3 տարբեր «դեպքեր», նա տուն գնեց Քիմ Քարդաշյանի մոտ, իսկ հետո որոշեց քանդել այն, երգեց բեմից՝ ասելով, թե ինչպես է կարոտում իր նախկին կնոջը, հետո նույնիսկ հաշտություն կնքեց իր թշնամի Դրեյքի հետ:
Այս ամենին հետո ի հայտ եկան նոր ալբոմի ձայնագրության մասին լուրերը: Կա՛մ Քանյե Ուեսթը PR հանճար է, կա՛մ այդ ամենը պատահականություն է, բայց այն, որ նոր ալբոմին սպասում են միլիոնավոր երկրպագուներ, միանշանակ փաստ է: