VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» ևս մեկ համալրում ունի: Թիմին է միացել 32-ամյա հյուսիսմակեդոնացի կիսապաշտպան Ստեֆան Սպիրովսկին, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Սպիրովսկին նախկինում խաղացել է հյուսիսմակեդոնական «Պելիստերում», «Ռաբոտնիչկիում», «Վարդարում», սերբական «Բորաց Չաչակում», բուլղարական «Բերոեում», հունգարական «Ֆերենցվարոշում», Թել Ավիվի «Հապոելում», կիպրոսյան «ԱԵԿ Լառնակայում» և ուկրաինական «Մարիուպոլում»։ Նրա նախորդ թիմը եղել է հունգարական ՄՏԿ-ն։
Հյուսիսմակեդոնացի կիսապաշտպանը Սկոպյեի «Վարդարի» կազմում 3 անգամ անընդմեջ (2014/15, 2015/16 և 2016/17թթ․) դարձել է Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոն և մեկ անգամ՝ Սուպերգավաթակիր (2015թ․)։ 2018/19 մրցաշրջանում նա «Ֆերենցվարոշի» հետ նվաճել է Հունգարիայի չեմպիոնի կոչումը։
2016/17 մրցաշրջանի արդյունքներով Ստեֆան Սպիրովսկին ճանաչվել է Հյուսիսային Մակեդոնիայի տարվա լավագույն խաղացող։
2017/18 մրցաշրջանում կիսապաշտպանը «Վարդարի» հետ Հյուսիսային Մակեդոնիայի պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Եվրոպա լիգայի խաղարկության ուղեգիր, որից հետո տեղափոխվել է Հունգարիայի ամենատիտղոսակիր ակումբ՝ «Ֆերենցվարոշ»։
Ընդ որում, այդ ժամանակահատվածում «Վարդարում» նրա թիմակիցներն էին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը։
Սպիրովսկին խաղացել է իր երկրի Մ17, Մ19 և Մ21 տարեկանների հավաքականներում, իսկ 2011 թվականից խաղացել է Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականում և անցկացրած 52 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։
Նա ընդգրկված էր Եվրո-2020-ում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի կազմում և մասնակցել է խմբային փուլի` Ուկրաինայի հավաքականի դեմ հանդիպմանը։