Logo

Գոլային երաշտ եվրագավաթների տնային հանդիպումներում. «Փյունիկ» - «Շերիֆ» հանդիպումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:29 / 19.08.2022• ՍՊՈՐՏ
Pyunik-Sherif

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց մոլդովական «Շերիֆի» հետ: Դիմակայության ելքը կվճռվի օգոստոսի 25-ին կայանալիք պատասխան խաղում:

Vnews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

Pyunik-Sherif-1

1. «Փյունիկն» առաջին անգամ ելույթ ունեցավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում՝ դառնալով եվրագավաթների այդ փուլին մասնակցած հայկական 3-րդ ակումբը: Այդ փուլում հայկական ակումբներից ելույթ էին ունեցել «Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտը»: 2019-20թթ. խաղարկության Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիան» զիջել էր Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին» (2-1, 1-2, 4-5՝ 11մ), իսկ հաջորդ մրցաշրջանում խմբային փուլի ուղեգրի համար պայքարում պարտվել էր «Ցրվենա Զվեզդային» (1-2):

«Ալաշկերտն» էլ անհաջողության էր մատնվել 2021-22թթ. խաղարկությունում շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» հետ դիմակայությունում (0-1, 0-0):

Pyunik-Sherif-2

2. «Փյունիկ» - «Շերիֆ» հանդիպումը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական 4 ակումբների մասնակցությամբ անցկացված 13-րդ խաղն էր: Հայկական թիմերը 6-րդ ոչ-ոքին գրանցեցին: Հայաստանի ներկայացուցիչներն ընդամենը 2 անգամ են հաղթել, կրել են 5 պարտություն, խփել են 10 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 19 գնդակ:

3. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Փյունիկին» կրկին չհաջողվեց սեփական դաշտում գտնել մրցակիցների դարպասի բանալին: «Հանրապետականում» անցկացրած 4 հանդիպումներից 2-ում գրանցվել է ոչ-ոքի, նույնքան խաղում էլ փյունիկցիները պարտվել են՝ ընդհանուր առմամբ բաց թողնելով 3 գոլ: Իսկ ահա հյուրընկալվելիս անցկացրած 3 հանդիպումներում փյունիկցիների հաշվին մեկական հաղթանակ, ոչ-ոքի և պարտություն է գրանցվել: «Փյունիկը» 6 գոլ է խփել, սեփական դարպասը բաց է թողել 8 գնդակ:

4. Եվրագավաթների խաղարկություններում «Փյունիկը» սեփական դաշտում իր վերջին գոլը խփել է 2019թ. հուլիսի 25-ին չեխական «Յաբլոնեցի» հետ Գյումրիում կայացած Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի խաղում: 30-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավել է Արթուր Միրանյանը: Դրանից հետո եվրագավաթային տնային 5 հանդիպումներում փյունիկցիները 510 րոպե շարունակ գոլ չեն խփել:

Pyunik-Sherif-3

5. Եվրագավաթներում «Փյունիկը» 2-րդ անգամ հանդիպեց «Շերիֆի» հետ: Մրցակիցների առաջին դիմակայությունը տեղի է ունեցել 2006-07թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում: 2006թ. հուլիսի 11-ին Երևանում կայացած խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի, իսկ մեկ շաբաթ անց հյուրընկալվելիս «Փյունիկը» 0-2 հաշվով պարտվել էր:

6. Եվրագավաթներում «Շերիֆը» շատ անհարմար մրցակից է եղել հայկական ակումբների համար, որոնց չի հաջողվել հաղթահարել Մոլդովայի չեմպիոնի արգելապատնեշը: «Շերիֆի» հետ դիմակայությունում անհաջողության են մատնվել նաև Երևանի «Արաքսը» (2001-02թթ. ՉԼ՝ 0-1, 0-2), «Ուլիսը» (2012-13թթ. ՉԼ՝ 0-1, 0-1) և «Ալաշկերտը» (2021-22թթ. ՉԼ՝ 0-1, 1-3):

Եվրագավաթներում «Շերիֆի» հետ անցկացրած 9 հանդիպումներում հայկական 4 ակումբներին չի հաջողվել գեթ մեկ հաղթանակ տանել՝ 2 խաղ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի, կրելով 7 պարտություն, խփելով ընդամենը մեկ գոլ, սեփական դարպասը բաց թողնելով 11 գնդակ:

Pyunik-Sherif-4

7. Բացի «Շերիֆից», եվրագավաթներում հայկական թիմերը մրցել են նաև մոլդովական «Տիրասպոլի» հետ ու կրկին՝ անհաջող: 2004-05թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթում «Շիրակը» պարտվել է երկու խաղերում էլ (1-2, 0-2): «Միկան» էլ 2008-09թթ. Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում պայքարից դուրս է մնացել սեփական դաշտում բաց թողած 2 գոլերի պատճառով (2-2, 0-0):

Այսպիսով, մոլդովական երկու թիմերի հետ անցկացրած 13 հանդիպումներում հայկական ակումբները հաղթանակ չեն տարել, 4 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 9 պարտություն, խփել են ընդամենը 4 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 17 գնդակ:

8. «Փյունիկը» եվրագավաթներում 67-րդ խաղն անցկացրեց՝ գրանցելով 15-րդ ոչ-ոքին: Մնացած հանդիպումներից 18-ում փյունիկցիները հաղթել են, 34-ում պարտվել են, խփել են 63 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 117 գնդակ:

9. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում Դավիթ Յուրչենկոն 2-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: Առաջին անգամ դա նրան հաջողվել էր ռումինական «Կլուժի» հետ Երևանում անցկացրած խաղում: Եվրագավաթների մրցաշարերում անցկացրած 11 հանդիպումներում Յուրչենկոն 18 գոլ է բաց թողել (միջինը մեկ խաղում՝ 1,63 գոլ), 3 անգամ դարպասն անառիկ է պահել:

Pyunik-Sherif-5

Յուրչենկոն ընդգրկվեց եվրագավաթներում հայկական ակումբներում ելույթ ունեցած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: «Շերիֆի» հետ խաղում նա 36 տարեկան, 144 օրական էր: Յուրչենկոն տասնյակից դուրս մղեց «Գանձասար-Կապանի» նախկին լեգեոնական Վիրգին Մարշավելային (36 տարեկան, 135 օրական):

10. Արտակ Դաշյանը եվրագավաթներում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (26) «Փյունիկի» ներկայիս կազմի ֆուտբոլիստներից ամենափորձառուն է: Նա ընդգրկվեց եվրագավաթներում հայկական ակումբներում առավել շատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստների տասնյակում: Ցանկը գլխավորում է «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը, որը եվրագավաթներում 44 խաղ է անցկացրել:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ