Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է նաև տրանսգենդերների մասին։
«Հավանաբար տեսել եք, թե ինչպես է Օլիմպիական խաղերում ինչ-որ մեկն իրեն կին համարել, նոկաուտի ենթարկել իրական կնոջն ու կոտրել նրա քիթը։ Դա անարդար է։ Տրանսգենդերները սպանում են կանանց սպորտը։ Չէ՞ որ յուրաքանչյուր տղամարդ կարող է իրեն կին համարել, հանդես գալ ցանկացած սպորտաձևում` որևէ շանս չտալով կանանց զբաղեցնել մրցանակային տեղեր»,- Տիվայի Հանրապետության մայրաքաղաք Կիզիլում կայացած «Զրույց` կարևորի մասին» խորագրով բաց դասի ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Sport24-ը։
Հիշեցնենք, որ Փարիզում կայացած 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում չեմպիոն դարձած ալժիրցի բռնցքամարտիկ Իման Խելիֆին (66 կգ) կասկածվում է տղամարդ լինելու մեջ։ 2023 թվականին կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությանը նա որակազրկվել էր, քանի որ չէր անցել գենդերային թեստը: Նրա արյան մեջ տեստոստերոնի մակարդակը կանանց համար թույլատրելի սահմանից բավականին բարձր էր եղել: Աշխարհի առաջնությունն անցկացնում էր Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA), որին Միջազգային օլիմպիական կոմիտեն զրկել էր Փարիզ-2024-ի որակավորման մրցաշարերն անցկացնելու իրավունքից:
Մինչև Օլիմպիական խաղերը ՄՕԿ-ը հայտարարել էր, որ Իման Խելիֆը կին է և կարող է մասնակցել Փարիզ-2024-ին:
Փարիզ-2024-ի 1/8 եզրափակիչում Խելիֆին մրցել էր իտալուհի Անջելա Կարինիի դեմ։ Վերջինս մենամարտի մեկնարկից 46 վայրկյան անց հրաժարվել էր հետագա պայքարից։ Կարինին հանձնվելուց հետո արտասվել էր և ասել, որ կանանց բռնցքամարտում երբեք նման հուժկու հարվածներ չէր ընդունել: