Ֆուտբոլն էլ կյանքի պես է․ այն միշտ անակնկալներ է մատուցում։ Որևէ խաղացող չգիտի, թե ինչ կարող է լինել իր հետ հաջորդ վայրկյանին կամ էլ հաջորդ խաղին։ Վնասվածքներ, վերելքներ, վայրէջքներ ու նույնիսկ դիրքային փոփոխություններ։ Այո՛, բազմաթիվ են դեպքերը, երբ պատանեկան ֆուտբոլում այլ խաղային դիրքում զարգանալուց հետո պրոֆեսիոնալ ֆուտբոլում խաղացողի դիրքը փոխվում է։
Լինում են նաև դեպքեր, երբ ֆուտբոլիստը, որևէ խաղային դիրքում հաջողություններ գրանցելով, այնուամենայնիվ, փոխում է այն։ Եվ քիչ չեն դեպքերը, երբ այդ փոփոխությունից հետո մարզիկի մոտ ոչ թե խաղային անկում է արձանագրվում, այլ հակառակը․ նա դառնում է աշխարհում լավագույններից մեկը խաղային այդ դիրքում։ VNews-ը ներկայացնում է 5 խաղացողի, որոնք փոխել են խաղային դիրքն ու դարձել սուպերաստղ։
Բաստիան Շվայնշտայգեր
Երբ խոսում ենք Բաստիան Շվայնշտայգերի մասին, պետք է հասկանանք, որ խոսում ենք վերջին տարիների աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկի մասին։ Գերմանիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց ու «Բավարիայի» հետ հնարավոր ու անհնար ամեն ինչ հաղթելուց հետո նա գլուխը վեր պարզած ավարտեց ֆուտբոլային կարիերան՝ իր անունը ոսկե տառերով թողնելով ֆուտբոլի պատմության տարեգրքերում։ Բաստիան Շվայնշտայգերին բոլորս հիշում ենք որպես գերհզոր կենտրոնական կիսապաշտպան, որը կարողանում էր օգնել թիմին գրոհելիս ու մեծ ծավալի աշխատանք կատարել նաև պաշտպանվելիս։ Սակայն ստեղծագործ գերմանացին կարիերան ամենևին էլ չի սկսել այն խաղային դիրքում, որտեղից նրան բոլորս սովոր էինք տեսնել:

Շվայնշտայգերը տեխնիկապես չափազանց ուժեղ էր։ Կարծես թե սա պետք է հուշի, թե որտեղ կարող էր խաղացած լինել գերմանացին մինչև դաշտի միջին գիծ տեղափոխվելը։ «Բավարիայի» կազմում առաջին շրջանում նա խաղում էր վինգերի դիրքում։ Սակայն շատ շուտ մարզիչները հասկացան, որ ստեղծագործ ունակություններով այս խաղացողին պետք է տեղափոխել դաշտի կենտրոն։ Շվայնշտայգերը տեխնիկապես շատ ուժեղ էր, սակայն վինգերին բնորոշ արագություն նա առանձնապես չուներ, կամ ավելի ճիշտ է ասել՝ կային խաղացողներ, որոնք այդ դիրքում ավելի արագ էին։ Խաղային դիրքի փոփոխության շնորհիվ Շվայնշտայգերը կոչված էր դառնալու աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպաններից մեկը։
Վենսան Կոմպանի
«Մանչեսթեր Սիթիի» վերջին տարիների հաջողությունների գլխավոր խորհրդանիշերից մեկը՝ թիմի նախկին ավագ Վենսան Կոմպանին, համարվում էր Պրեմիեր լիգայի լավագույն պաշտպաններից։ Ու սրանում ոչ մի չափազանցություն չկա. Կոմպանին իսկապես լավագույնն էր այդ դիրքում երկար տարիներ։
«Սիթիում» իր վերջին մրցաշրջանում Կոմպանին չեմպիոնության համար «Լեսթերի» դեմ վիթխարի նշանակության խաղում հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց ու հաղթանակ պարգևեց իր թիմին նվազագույն հաշվով։ Գոլային հարվածից վայրկյաններ առաջ Սերխիո Ագուերոն կոչ էր անում Կոմպանիին չհարվածել․

«Ո՛չ, Վինի, ո՛չ»,- գոչում էր արգենտինացի հարձակվողը։
Սակայն Կոմպանին ականջալուր չեղավ Ագուերոյին ու հարվածեց՝ գրավելով Կասպեր Շմեյխելի դարպասը։ Սա գոլ էր, որն ամենևին էլ բնորոշ չէր կենտրոնական պաշտպանին։ Այդպես հարվածում են հիմնականում հենակետային կիսապաշտպանները։
Եկանք հասանք մեր նպատակային հանգրվանին․ Կոմպանին մինչև պաշտպանության կենտրոն տեղափոխվելը երկար տարիներ խաղացել է հենակետային կիսապաշտպանի դիրքում։ «Անդերլեխտում» ու «Համբուրգում» նա հենց այդտեղ էր խաղում ու միայն «Սիթի» տեղափոխվելուց հետո փոխեց իր խաղային դիրքը։ Առանց կասկածի կարող ենք ասել, որ Կոմպանին գերաստղ դարձավ պաշտպանության կենտրոնում՝ դառնալով լավագույններից մեկն աշխարհում։
Մեր ընտրանին․
- Սկզբից Ռամոսը, հիմա Վարանը․ ինչու՞ «Ռեալը» նույն պահին հրաժարվեց իր պաշտպանության հենասյուներից
- Մեգատրանսֆերից ձախողում․ 5 աստղ, որոնց կարիերան «փոշիացավ» «Ռեալում»
- 250 միլիոն ու 2 սուպերաստղ. Պեպը կպայթեցնի շուկան
Թիերի Անրի
Շատերը Թիերի Անրիին համարում են Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն հարձակվողներից մեկն ու առհասարակ լավագույններից մեկն աշխարհում։ Ֆրանսիացուն բոլորը ճանաչում են որպես հարձակվող, սակայն նա իր խաղային կարիերան սկսել է վինգերի դիրքում։
«Մոնակոյում» Անրիին օգտագործում էին որպես ձախ վինգեր։ Տեղափոխվելով «Յուվենտուս»՝ ֆրանսիացին սկզբնական շրջանում ևս խաղում էր եզրերում։ Անհրաժեշտության դեպքում նրան երբեմն նույնիսկ պաշտպանության եզր էին ուղարկում։

1999 թվականին Անրին տեղափոխվեց «Արսենալ»։ «Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը սկսեց նրան օգտագործել որպես հարձակվող։ Արդյունքի մասին կարող են խոսել թվերը․ «Արսենալում» անցկացրած տարիներին Անրին մասնակցել է 376 հանդիպման, խփել 228 գոլ ու կատարել 105 գոլային փոխանցում։ Նա երկու անգամ հաղթել է Պրեմիեր լիգայում, ու «Արսենալի» անպարտելի թիմի անբաժանելի մասն էր համարվում։ Թիերի Անրին «Արսենալի» հետ հասավ նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ պարտվելով իր ապագա թիմին՝ «Բարսելոնային»։
Գարեթ Բեյլ
Գարեթ Բեյլը աշխարհի լավագույն վինգերներից, եզրային հարձակվողներից մեկն է, սակայն նրա կարիերան սկսել է պաշտպանությունում։ «Տոտենհեմում» նույնիսկ նրա խաղային համարն էր խոսում պաշտպան լինելու մասին։ Սկզբից նա խաղում էր 3 համարի մարզաշապիկով, հետո միայն վերցրեց 11-ը։

Բեյլի արագությունը ստիպեց «խթանների» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապին նրան տեղափոխել հարձակման գիծ։ Լոնդոնյան ակումբում այդ տարիներին պաշտպանության ձախ եզրում խաղում էր նաև Բենուա Ասու-Էկոտոն։ Կամերունցին հուսալի պաշտպան էր, որը վստահությամբ փակում էր ձախ եզրը՝ Բեյլին հնարավորություն տալով խաղալ հարձակման գծում։ Հիշենք «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Բեյլի խփած հեթ-տրիկը։ Նա ուղղակի քարուքանդ արեց «ներաձուրիների» պաշտպանության աջ եզրն իր անցումներով։ Հետո «Ռեալը» աստղաբաշխական գումար վճարեց հենց վինգեր Բեյլի, այլ ոչ թե պաշտպան Բեյլի համար։ Եթե ֆուտբոլասերներին հարցնես, թե խաղային դիրքը փոխած ֆուտբոլիստներից ում անունը կարող եք տալ, Բեյլը առաջիններից մեկն է, որ կգա մարդկանց մտքին։
Սերխիո Ռամոս
Դե իհարկե, առանց Ռամոսի այս ցանկը չէր կարող ավարտվել։ «Ռեալի» արդեն նախկին ավագը պաշտպանության աջ եզրից եկավ կենտրոն ու դարձավ ոչ միայն աշխարհի լավագույն կենտրոնականներից մեկը, այլև առհասարակ բոլոր ժամանակների լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը։ Ռամոսը բազմաֆունկցիոնալ էր դեռևս «Սևիլիայում» խաղալու տարիներից։ Այո՛, անդալուսական թիմում նա հիմնականում խաղում էր պաշտպանության աջ եզրում, սակայն երբեմն տեղափոխվում էր նաև դաշտի կենտրոն, իսկ աջից խաղում էր Դանի Ալվեշը։

«Ռեալում» երկար տարիներ աջ եզրում խաղալուց հետո նրա խաղային դիրքը փոփոխության ենթարկվեց Ժոզե Մոուրինյոյի մարզչական տարիների ընթացքում։ Մոուրինյոն «Արքայական ակումբում» իր առաջին տարում պաշտպանության կենտրոնում վստահում էր Պեպեին ու Ռիկարդու Կարվալյուին։ Աջից խաղում էր Ռամոսը։ Սակայն երբ Պեպեն կամ Կառվալյուն վնասվածք էին ունենում, Ժոզեն Ռամոսին տեղափոխում էր պաշտպանության կենտրոն՝ աջից դաշտ դուրս բերելով Ալվարո Արբելոային։ Ռամոսի առաջընթացն այնքան ակնհայտ էր նոր խաղային դիրքում, որ շատ շուտով Մոուրինյոն սկսեց հենց նրան դուրս բերել դաշտ պաշտպանության կենտրոնում։
Հետագայում Ռամոսի խաղային դիրքի փոփոխությունից որևէ մարզիչ չհրաժարվեց։ Նա շարունակեց խաղալ պաշտպանության կենտրոնում թե՛ «Ռեալում», թե՛ Իսպանիայի ազգային հավաքականում։ Հիմա գուցե երիտասարդ ֆուտբոլասերներից քչերը հիշեն, որ Ռամոսը ժամանակին փայլում էր նաև աջ եզրում։ Ամեն դեպքում պատմության մեջ «Ռեալի» լեգենդար պաշտպանը գերազանցապես հիշվելու է պաշտպանության կենտրոնում իր ցուցադրած խաղով։ Ի դեպ, Ռամոսի դիրքային փոփոխության պատճառներից մեկը համարում են այն, որ նա ֆիզիկապես շատ ավելի ամուր էր դարձել ու կարող էր ավելի լավ պաշտպանվել հենց դաշտի կենտրոնում, այլ ոչ թե եզրում։

