Լոնդոնի «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, որ անգլիական ակումբում է հաղթանակներ տանելու համար:
«Իմ նպատակը հաղթելն է: Մեր խաղաոճը, փիլիսոփայությունն ու մշակույթը լավ խաղալն է: Եթե չես հաղթում «Չելսիի» պես ակումբում, ապա խնդիրներ կունենաս:
Պետք է մրցունակ լինել և այդ էներգիան փոխանցել երկրպագուներին: Ես չեմ մտածում, թե ինչ խնդիրներ կան և որն է դրանցից ամենադժվարը:
Ամենակարևորը՝ հասնել նրան, որ կազմը բալանսավորված լինի: Կա ֆուտբոլիստների քանակը կրճատելու և մարզումներին լավ պատրաստվելու ծրագիր:
Ֆուտբոլն «անհամբեր» է: «Չելսիի» պես ակումբում չպետք է ժամանակ խնդրես, պետք է առաջին օրվանից արդյունք ապահովես: Մենք ունենալու ենք թիմ, որն արդյունք է ապահովելու»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC Sports-ը:
Հիշեցնենք, որ 51-ամյա մասնագետը լոնդոնյան թիմը գլխավորել է 2023 թվականի հուլիսի 1-ին: Նրա պայմանագիրը նախատեսված է 2 տարով:
Անգլիայի ավարտված առաջնությունում «Չելսին» զբաղեցրել էր 12-րդ տեղը:


