Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիրը երկարաձգելու վերջին փորձը կկատարի:
Le Parisien-ի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը մտադիր է վաճառել աշխարհի չեմպիոնի տրանսֆերային իրավունքը, եթե նա հրաժարվի երկարաձգել համաձայնագիրը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ռմբարկուն չի ակտիվացրել պայմանագիրն ավտոմատ կերպով ևս մեկ տարով երկարաձգելու կետը: Նա կարող է 2024 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել այլ ակումբ:
Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագի ծառայություններով վաղուց հետաքրքված է Մադրիդի «Ռեալը»: 2022 թվականի մայիսին Մբապեն մոտ էր իսպանական գրանդ տեղափոխությանը, սակայն վերջին պահին մտափոխվեց ու երկարաձգեց պայմանագիրը:
Ավարտված մրցաշրջանում Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրած 43 խաղում խփել է 41 գոլ ու կատարել 10 ասիստ:


