Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն միացել է Լոնդոնի «Տոտենհեմի» ավագ Հարի Քեյնի համար տրանսֆերային մրցավազքին:
ESPN-ի համաձայն՝ փարիզյան ակումբը հասկանում է, որ անգլիացին միտված է Մյունխենի «Բավարիա» տեղափոխությանը, սակայն պատրաստ է 100 միլիոն եվրո առաջարկել լոնդոնյան կողմին, եթե Գերմանիայի չեմպիոնի հետ գործարքը չկայանա:
Ֆրանսիական ակումբն արդեն մի քանի շաբաթ շփվում է Անգլիայի ազգային հավաքականի ավագի գործակալի հետ:
Ավելի վաղ «Բավարիան» Քեյնի տեղափոխության վերաբերյալ կատարել էր 2 առաջարկ (70 և 81 միլիոն), որոնք մերժվել էին: Մյունխենցիները պատրաստվում են կատարել երրորդ փորձը՝ առաջարկելով 90 միլիոն:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում 29-ամյա Հարի Քեյնը «Տոտենհեմի» կազմում մասնակցել էր 48 խաղի, խփել 30 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 90 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


